Հայերի մուտքը Հայաստան արգելելն ապերախտություն է․ Ռոբերտ Քոչարյան
17 Փետրվարի 2025, 13:24
Սփյուռքի մասնակցությունը ոչ թե ինքն իրենով բնական ձևով նվազել է, այլ նպատակաուղղված նվազեցրել են։ Այս մասին Alpha News-ի հարցին ի պատասխան ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Եկեք իրերն իրենց անուններով կոչենք։ Իմ մտքով չէր անցնում, որ հնարավոր է որևէ մեկ հայի մուտքը Հայաստան արգելել։ Իմ երևակայությունն այդ աստիճանի չէր աշխատում։ Կամ ռուս գործիչների, որոնց ամբողջ քաղաքական կենսագրությունը կառուցված է Հայաստանի հետ բարեկամությունը խորացնելու վրա կամ Ղարաբաղի, Ցեղասապանության հարցերի հետ, մուտքը փակել Հայաստան, ապերախտության գագաթնակետն է։ Դրանից հետո ասում են՝ այս հայերից լավ է հեռու մնանք, ժողովրդի լեզվով ասած՝ «քցող են»։
Այս ամենից պետք է հրաժարվել ու այն մարդիկ, որոնք կայացրել են այդ որոշումը, պիտի պատժվեն։ Սա Արագածի ու Արարատի, հնի ու նորի տրամաբանության մեջ է»,- նշել է ՀՀ երկրորդ նախագահը։
Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ չպետք է Սփյուռքը Հայաստանից օտարելու քայլեր անել։
«Մարգարիտա Սիմոնյանը ձեզ ինչո՞վ էր խանգարում, նա Ռուսաստանում կայացած անձնավորություն է։ Կամ Անդրանիկ Միհրանյանը, ակադեմիական շրջանակներում ճանաչված, հարգանք ունեցող մարդ է։ Ինչ վտանգ էր սպառնում Անդրանիկ Միհրանյանը, որ գար իր ծնողների գերեզմաններին այցելեր։ Դուք տրամաբանված որևէ բացատրություն ունե՞ք։
Սփյուռքի հետ կապված պետք է հետ գնալ այն մոտեցումներին, որ ունեցել ենք, որ Հայաստանը Սփյուռքով ու առանց Սփյուռքի տարբեր քաշային կատեգորիաներ են։ Եթե ընդունում ես այս պարզ ճշմարտությունը, չպետք է քայլեր անես, որոնցով Սփյուռքն օտարես Հայաստանից»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։