Հայերը Թուրքիայի համար մշտապես ընկալվել են վտանգավոր մրցակիցներ․ Սուրեն Մանուկյան

24 Ապրիլի 2026, 23:44

Քաղաքականություն

Օսմանյան կայսրությունում փոխվում էին իշխանություններ, գալիս էին տարբեր քաղաքական ուժեր, բայց հայերի նկատմամբ քաղաքականությունը մնում էր նույնը։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանն՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչից սկսվեց հայերի կոտորածը։

Նրա խոսքով՝ այդ քաղաքականությունը շարունակվում էր նաև Աբդուլհամիդյան կոտորածների ժամանակ, որոնք միգուցե ցեղասպանական չէին, բայց հսկայական չափերի հասան՝ մոտ 200 հազար զոհ։

Խոսելով Հայոց ցեղասպանության պատճառների մասին՝ Սուրեն Մանուկյանն ընդգծել է, որ դրանցից մեկը Թուրքիայի՝ Օսմանյան կայսրությունից ազգային պետության վերածումն էր։

«Հայոց ցեղասպանության պատճառները մի քանիսն են և այդ պատճառների հանրագումարն է, որ բերեց դրան։ Առաջին պատճառը Թուրքիայի՝ Օսմանյան կայսրությունից ազգային պետության վերածումն էր, և այդ պետությունը ուղեկցվում էր ազգայնամոլական գաղափարախոսությամբ։ Ըստ գաղափարախոսության՝ ուժեղը պետք է հաղթի, իսկ թույլը վերանա։ Երկրորդ պատճառն այն էր, որ հայերն ունեին մեծ տնտեսական ներուժ, որը պետք էր նորաստեղծ թուրքական պետությանը նախնական կապիտալ կուտակելու համար, և դա պետք էր խլել և վերաբաշխել նոր ստեղծվող Թուրքիայում։ Այսօր էլ թուրքական տնտեսական հսկա կառույցների հիմքում ընկած է հայկական գողացված կապիտալը»,- ասել է Մանուկյանը։

Նրա խոսքով՝ կար նաև քաղաքական պատճառ, քանի որ հայերը Թուրքիայի համար մշտապես ընկալվում էին վտանգավոր մրցակիցներ։

«Հայերը դինամիկ զարգացող, առաջադեմ, շատ ուժեղ ինքնություն ունեցող ցանցային մի ազգ էին, որը թուրքերն ընկալեցին որպես վտանգ։ Կար նաև աշխարհաքաղաքական գործոնը, բայց դա կար ամենուր»,- եզրափակել է Մանուկյանը։