ՀՀ իշխանությունները հլու-հնազանդ կատարում են Ադրբեջանի պահանջները․ Աղվան Վարդանյան
04 Մայիսի 2026, 15:00
«Չկա որևէ հայտարարություն, որ Ալիևը հնչեցնի, և Հայաստանի իշխանությունները չկրկնեն այն»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։ Նշենք, որ ընդդիմադիրները Մերգելյան այգուց քայլերթով շարժվում են Մարզահամերգային համալիր, որտեղ ընթանում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։
Ըստ Վարդանյանի՝ ակնհայտ է, որ Ադրբեջանը Հայաստանում ունի իր ազդեցությունը, իսկ իշխանություններն, ըստ էության, հլու-հնազանդ կատարում են Ադրբեջանի պահանջներն ու նախապայմանները։
Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանը կարող է հայտարարել, թե գնում է խաղաղության, սակայն առաջ է քաշում նոր պահանջներ՝ սահմանադրության փոփոխությունից մինչև ադրբեջանցիների վերադարձի հարցը։
«Հայաստանը գտնվում է ճնշման ներքո, ինչպես նաև պատանդի կարգավիճակում են պահվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն ու մեր մյուս գերիները։ Մեր ինքնիշխան տարածքի մի շարք ռազմավարական կետերում Ադրբեջանն ունի ներկայություն, և այդ պայմաններում խաղաղության մասին խոսելն առնվազն կասկածելի է»,- եզրափակել է Վարդանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։