ՀՀ-ն, Իրանն ու Հնդկաստանը աշխատում են «Պարսից ծոց-Սև ծով» ՄՏՄ-ի նախագծի վրա. մանրամասներ

11 Մայիսի 2023, 09:15

Քաղաքականություն

Հայաստանը, Իրանն ու Հնդկաստանը աշխատանքներ են տանում «Պարսից ծոց–Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի ուղղությամբ։ Հնդկական կողմը Հայաստանը դիտարկում է որպես կամուրջ, որի օգնությամբ Հնդկաստանից ապրանքները կկարողանան դուրս գալ ԵԱՏՄ բազմամիլիոնանոց շուկա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հնդկական առևտրատնտեսական կազմակերպության նախագահ Ասիֆ Իկբալը։

Նրա խոսքով` հարցը քննարկվում է երեք երկրների առաջնորդների մակարդակով, սակայն նախատեսվում է նախագծում ներգրավել նաև մասնավոր հատվածին։

«Հնդկաստանը 2024 թվականին պատրաստվում է դառնալ ԵԱՏՄ դիտորդ երկիր։ Սա ևս մեկ հանգամանք է, որը թույլ կտա խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ բոլոր ուղղություններով, այդ թվում` պաշտպանության ոլորտում», – ասաց Իկբալը` հավելելով, որ առաջիկայում Հայաստանում Հնդկաստանի դեսպանությանը կից պաշտպանական հարցերով կցորդ կնշանակվի։

Ինչ վերաբերում է համագործակցության այլ ուղղություններին, ապա այս պահին մի շարք պայմանագրեր են կնքվել երկու երկրների գյուղատնտեսական ընկերությունների միջև։ Զարգանալու է նաև գյուղատնտեսական զբոսաշրջությունը։

Շուտով ևս երկու համաձայնագիր կստորագրվի, որոնք թույլ կտան հնդկական ընկերություններին Հայաստանում վերամշակել կենցաղային ու կենդանի ծագման աղբը և բնական գազ ստանալ։

Բացի այդ, աշխատանքներ են տարվում նաև «Հայֆիլմի» հետ հին կինոժապավենների թվայնացման ուղղությամբ։

Երևանի շանսը. ինչու է «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքն անհրաժեշտ Հայաստանին

«Customised Industrial Supplies» ձեռնարկության ղեկավար Սեպուհ Ղազարյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ եռակողմ նախագծերի իրականացման համար կարևոր է ակտիվորեն ներգրավել գործարար հատվածին։ Նրա խոսքով` ապագայում նախատեսվում են փոխայցեր և համաձայնագրերի ստորագրում, որոնց արդյունքներն ակնհայտ կլինեն առաջիկայում։

Ղազարյանն ընդգծեց, որ հայ և հնդիկ ժողովուրդներին շատ բան է միավորում։ Բացի բարեկամական հարաբերություններից, մի շարք խնդրահարույց հարցերի շուրջ տեսակետների ընդհանրությունից, Հնդկաստանը Հայաստանին դիտարկում է որպես դեպի ԵՄ երկրներ տարանցիկ ուղիներից մեկը։ Դա արդիական է նաև հակառակ ուղղությամբ։

Համագործակցության առանցքային ուղղությունների թվում Ղազարյանը նշեց զբոսաշրջությունը։ Նրա խոսքով` ուղիղ ավիահաղորդակցության բացումը Հնդկաստանից զբոսաշրջային հոսքի կհանգեցնի, ինչն իր հերթին ներդրումներ կբերի։

«Առաջիկա կես տարվա ընթացքում Հնդկաստանից իրական ներդրումներ են սպասվում արդյունաբերության, շինարարության և առևտրի զարգացման համար։ Ապագայում նախատեսվում է նաև, որ հայկական ձեռնարկությունները տեղական արտադրանքով կմասնակցեն Հնդկաստանում կայանալիք ցուցահանդեսին», – ասաց Ղազարյանը։

ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ ՀՀ ԱԳՆ–ն աշխատանք է տանում Հնդկաստանի գործընկերների հետ բոլոր ուղղություններով, այդ թվում` ներդրումային նախագծերի։ Բացի այդ աշխատանքներ են տարվում հայ–հնդկական գործարար խորհրդի ստեղծման ուղղությամբ։ Հայաստանն ու Հնդկաստանը բանակցում են նաև միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին երկկողմ համաձայնագրի ստորագրման հարցով։ Առաջիկայում նախատեսվում է Հնդկաստանից Հայաստան բեռնարկղերի փորձնական մատակարարում իրականացնել։