Հրապարակեցի, որ Արցախի լուծարման թեման այլևս չշոշափվի. Ռոման Երիցյան

14 Մայիսի 2025, 17:18

Քաղաքականություն

Փաստաբան Ռոման Երիցյանն այսօր՝ մայիսի 14-ին, ֆեյսբուքում հրապարակել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագիրը, որով անվավեր է ճանաչվում Շահրամանյանի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լուծարելու մասին 2023-ի սեպտեմբերի 26-ի հրամանագիրը:

Ըստ հրապարակված լուսանկարի՝ Սամվել Շահրամանյանն այդ հրամանագիրը ստորագրել է 2023-ի հոկտեմբերի 19-ին, երբ արդեն Հայաստանում էր: Այդ հրամանագրում նշվում է, որ սեպտեմբերի 26-ի հրամանագիրը ստորագրվել է բացառապես Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո Արցախի Հանրապետությունում ստեղծված ծանր ու բարդ ռազմաքաղաքական իրավիճակում՝ Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունն ու կենսական շահերը ապահովելու հրատապ անհրաժեշտությունից:

Այն, որ Արցախի Հանրապետությունը լուծարված չէ, Շահրամանյանն առաջին անգամ հայտարարել էր 2023-ի հոկտեմբերի 20-ին: Արցախի լուծարումն անվավեր ճանաչող հրամանագիրն առաջին անգամ հրապարակում է Ռոման Երիցյանը: Նա պնդում է, որ թե՛այդ հրամանագիրը, թե՛ Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագրերն իրավական ուժ չունեն:

Եթե Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին Սամվել Շահրամանյանի հրամանագիրն իրավական ուժ չունի, ապա ինչո՞ւ է Շահրամանյանի անունից օրեր անց ստորագրվել մեկ այլ հրամանագիր, որով անվավեր է ճանաչվել լուծարման հրամանագիրը և ինչո՞ւ է փաստաբանը հիմա հրապարակել այդ հրամանագիրը. այս հարցերի շուրջ Alpha News-ը զրուցել է Ռոման Երիցյանի հետ:

«Առաջին շարժառիթն այն է, որ ՀՀ իշխանությունը Արցախի մասին խոսելիս հղում է անում ԼՂՀ-ն լուծարելու մասին Սամվել Շահրամանյանի՝ 2023-ի սեպտեմբերի 26-ի հրամանագրին: Նախագահն այդպիսի շահարկումներից խուսափելու համար առաջնորդվել է պարզ տրամաբանությամբ՝ այն է, որ եթե սա համարում եք իրավական ուժ ունեցող հրամանագիր, ուրեմն նույն հարթակում, առանց պաշտոնական տեղեկագրում հրապարակելու, ես կայացնում եմ մեկ այլ հրաման, որով անվավեր եմ ճանաչում իմ կողմից կայացրած հրամանագիրը: Երկրորդ շարժառիթն այն է, որ Արցախի տարբեր պաշտոնյաների նկատմամբ ՀՀ-ում այս կամ այն լիազորությունը իրականացնելու մասով սկսեցին քրեական հետապնդումներ իրականացնել:

Օրինակ, Ստեփանակերտի քաղաքապետի մեղադրանքի հիմքում դրվեց նաև այդ հրամանագիրը, ըստ որի՝ ԼՂՀ-ի, պետական կառավարչական մարմինների, համայնքերի լուծարված լինելու և պաշտոնյաների լիազորությունները դադարեցված լինելու պայմաններում, նրանք իրականացրել են իրենց լիազորությունները…. Հիմա այս հրամանագիրը հրապարակվեց, որպեսզի որևէ շահարկում չլինի, Արցախի լուծարված լինելու թեման այլևս չշոշափվի: Եթե կա ինչ-որ մեկը, ով համարում է, որ Արցախի նախագահը ունակ է կամ կայացրել է Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին հրամանագիր, ապա այդ ինչ-որ մեկը թող նաև հասկանա, որ Արցախի նախագահը ստորագրել է մեկ այլ հրամանագիր, որով չեղյալ է հայտարարել իր կողմից ստորագրված հրամանագիրը: Կարծում եմ, որ ոչինչ չի փոխվելու այս հրամանագիրը հրապարակելուց հետո, բայց մենք առնվազն ունենալու ենք հանրային ճնշում, իսկ թե ինչու եմ կարծում, որ ոչինչ չի փոխվելու, որովհետև 2023-ի հոկտեմբերի 19-ին ստորագրված հրամանագիրը կայացնելուց անմիջապես հետո դրա մասին պաշտոնական գրությամբ հայտնել է Նիկոլ Փաշինյանին, բայց հետևանքները տեսանք»,- ասաց Ռոման Երիցյանը: