Ինչո՞ւ Ալիևը պետք է դադարի պահանջներ ներկայացնել, եթե դրանք կատարվում են․ Քրիստինե Վարդանյան

20 Նոյեմբերի 2026, 13:05

Քաղաքականություն

Ի վերջո, նորմա՞լ է, որ այսքան զարգացումներից հետո կրկին անցնենք ստորացման ճանապարհով։ Դուք պիտի որոշեք՝ արդյոք նորմալ է, որ Իլհամ Ալիևը, ձեռքում ունենալով մի փաստաթուղթ, որտեղ նշված է, որ Հայաստանը չի կատարում իր պահանջը, ստիպի Հայաստանի Հանրապետությանը փոխել իր Սահմանադրությունը։ Այս մասին ԱԺ-ում դիմելով հանրությանը հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Սիրելի՛ հանրություն, դուք պիտի որոշեք և պատասխանեք մի կարևոր հարցի։ Եթե մենք՝ որպես հանրություն, ցույց ենք տալիս, որ նորմալ է Ալիևի պահանջով Սահմանադրություն փոխելը և գնում ենք այդ ճանապարհով, ապա ինչո՞ւ նա չպետք է շարունակաբար օգտագործի այդ գործիքը։ Եթե Իլհամ Ալիևը տեսնում է, որ այդ գործիքը գործում է, որ պատերազմով սպառնալով կարող է հասնել իր պահանջների կատարմանը, ապա ինչո՞ւ պետք է դադարի այն օգտագործել։

Մենք ավելի հեռուն ենք գնում և ևս մեկ պարզ հարց տալիս։ Եթե մենք՝ որպես հանրություն, Ալիևին ասում ենք, որ խնդիր չկա, կարող ես պահանջներ ներկայացնել ու սպառնալ, մենք կփոխենք մեր մայր օրենքը, կհեռացնենք մեր ծննդյան վկայականի հղումը Սահմանադրությունից, ապա ի՞նչն է երաշխավորում, որ հետագայում նա կամ որևէ այլ պետություն նոր պահանջներ չի ներկայացնի և նույնը չի պահանջի մեզանից»,- ասել է պատգամավորը։