Իշխող ուժը նպատակ ունի ընդդիմությանը պահել վախի մթնոլորտում․ Գառնիկ Դանիելյան

Իշխող ուժը նպատակ ունի ընդդիմադիր գործիչներին և ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներին պահել վախի ու ահաբեկման մթնոլորտում, ճնշում գործադրել և զրկել անազատությունից։ Այս մասին Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։

«Հայաստանում իրավապահ համակարգն այլևս չի գործում, երկիրը չի գործում որպես իրավական պետություն, անմեղության կանխավարկածը գոյություն չունի»,- նշել է Դանիելյանը։

Պատգամավորի խոսքով՝ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցողն ուղիղ հարված է երկրի տնտեսությանն ու շարքային քաղաքացիներին։

«Գագիկ Ծառուկյանը հսկայական ներդրումներ է կատարել քայքայված տնտեսության ու գյուղատնտեսության ոլորտներում, բացել հազարավոր աշխատատեղեր։ Այսօր, երբ կանգնեցվում է խոշոր հիմնարկների աշխատանքը, վնաս է կրում տնտեսությունը․ մարդիկ զրկվում են աշխատանքից, չեն կարողանում փակել վարկերը։ Վաղը խաղողագործները կանգնելու են մթերման լուրջ խնդրի առաջ»,- ընդգծել է պատգամավորը՝ հավելելով, որ նման քայլերը վանելու են նաև օտարերկրյա ներդրողներին։