Իսրայելի ու Լիբանանի վերջին հրադադարից ի վեր երեկ գրանցվեց խախտման ծանրագույն դեպքը. Գանտահարյան

Իսրայել-Լիբանան վերջին հրադադարից ի վեր երեկ գրանցվել է հրադադարի համաձայնագրի խախտման ծանրագույն դեպքը։ Alpha News-ի հետ զրույցում ասել է «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

«Շրջաններում պայթյուններ լսվեցին, թիրախային ավիահարվածներ հասցվեցին։ Նախապես զգուշացվել էր, որ ժողովուրդը տարհանվի: Հրադադարն անվերջ այս ձևով խախտվում է, թեպետ, վաղուց սպառվել է 60-օրյա ժամկետը, որից հետո Իսրայելի ուժերը պետք է հեռանային Լիբանանի հարավից: Միևնույն ժամանակ, նախկին պատերազմական թոհուբոհի իրավիճակը չկա։ Կյանքը համեմատաբար վերադարձել է բնականոն հուն»,- ասել է Շահան Գանտահարյանը։

Նրա խոսքով՝ տուժածների մասին պաշտոնական տեղեկություն չկա։

«Բնականաբար, շենքեր փլուզվել են, և թիրախային յուրաքանչյուր փոփոխությունից հետո բավականին մեծ աշխատանք է պահանջվում վերականգնման համար»,- հավելել է նա։

Ինչպես հիշեցրել է Շահան Գանտահարյանը, վերջերս Բեյրութ էր մեկնել Իրանի արտգործնախարարը, ով ասել է, որ Իրանը պատրաստ է լայնածավալ աջակցություն տրամադրել Լիբանանին, եթե վերջինս պաշտոնական դիմում հղի Թեհրանին։

«Բնականաբար, Իրանը շահագրգրված է, որ Իսրայելի սահմանամերձ շրջաններում իր ազեցության ներքո շիա համայնքը վերաբնակեցվի, բայց խոչընդոտ կա, որը գալիս է ԱՄՆ-ից։ ԱՄՆ-ն չի ցանկանում, որպեսզի Իրանը համալրի այն երկրների շարքը, որոնք պոտենցիալ աջակցություն կարող են տրամադրել կամ ներդրումներ իրականացնել։ Իրանն ուզում է ակտիվ ներգրավված լինել Բեյրութի վերականգնողական աշխատանքներին՝ տնտեսական ներդրումների տեսքով, իր ազդեցության գոտին պահպանելու համար»,-հավելել է Գանտահարյանը։

Բացի այդ, նրա խոսքով, տարածաշրջանում քաղաքական քարտեզի վերագծման այս գործընթացում պետք է հետևություններ անել Իրանի պրոքսի-հենակետերի իրավիճակից և տեսնել Իրանի դերի վերասահմանման ընդհանուր միտումը, որն այսօր առկա է տարածաշրջանում, կոնկրետ՝ Լիբանանում։