Իսրայելում հակահայ մթնոլորտ է, դրանից օգտվելով էլ հաղորդավարն անբարո մեկնաբանություն արեց. Պալյան

Մեծ սխալ էր, բավականին մեծ աղմուկ բարձրացավ, որը շտկվեց: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Երուսաղեմի «Save the ArQ» շարժման հիմնադիր Սեդրակ Պալյանն՝ անդրադառնալով իսրայելցի հեռուստահաղորդավարի կողմից «Եվրատեսիլ»-ի Հայաստանի մասնակցին վիրավորելու միջադեպին:

«Անշուշտ, առանց «Save the ArQ»-ի մասնակցության որևէ լրատվամիջոց կամ հեռուստաընկերություն չէին արձագանքի, քանի որ նախկինում ևս դեպքեր եղել են: Կարևորն այն է, որ ներողությունը ստացանք՝ մի քիչ կիսատ, մի քիչ հեգնանքով, բայց ստացանք»,- հավելել է Սեդրակ Պալյանը:

Նա հիշեցրել է, որ ներողություն խնդրելուց րոպեներ անց Իսրայելը նոր հրապարակում է արել՝ նշելով, որ Ադրբեջանն Իսրայելի արյունակից եղբայրն է:

«Այսինքն, հստակ է, որ աշխարհաքաղաքական առումով Իսրայելն ու Ադրբեջանը մոտ են, բայց ուղղակիորեն չեմ կարող ասել, որ սա ավելի լայն ծրագիր էր: Ընդհանրապես Իսրայելը հակահայկական քաղաքականություն է վարում, այստեղ հակահայ մթնոլորտ կա, և դրանից օգտվելով էլ հաղորդավարն անբարո մեկնաբանություն արեց»,- նշել է Սեդրակ Պալյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ «Kan 11» հեռուստաալիքի հետ, որտեղ աշխատում է տվյալ մեկնաբանը, հայ համայնքը նախկինում որևէ խնդիր չի ունեցել: