Իսրայելը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
26 Հունիսի 2026, 17:40
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ կառավարության առաջիկա նիստում կներկայացնի բանաձև, որով կոչ է արվում Իսրայելին առաջին անգամ պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին հայտնում է Ynet պորտալը։
Նշվում է, որ դրան նախորդել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որում նա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել էր իր բարեկամ՝ նշելով, որ վերջինս «հեռու է մնացել Իրանի հետ հակամարտությունից», և վստահեցրել, որ Իսրայելի և Թուրքիայի միջև առճակատում չի լինի։
Բանաձևի նախագծում նշվում է, որ «բարոյական և պատմական պարտավորությունից ելնելով՝ Իսրայելը ճանաչում է Օսմանյան կայսրության գոյության վերջին շրջանում հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը»։ Փաստաթղթում նաև ընդգծվում է, որ Իսրայելը պետք է դատապարտի այդ իրադարձությունների վերաբերյալ պատմական ճշմարտության ժխտումը, նսեմացումն ու խեղաթյուրումը։
Բանաձևին կից ներկայացված հիմնավորման մեջ ասվում է, որ Հայոց ցեղասպանությունը սկսվել է 1915 թվականի ապրիլին՝ Կոստանդնուպոլսում հարյուրավոր հայ մտավորականների, քաղաքական և հասարակական գործիչների ձերբակալությամբ, աքսորով և սպանությամբ։ Դրանից հետո Օսմանյան իշխանությունները սկսել են հայ բնակչության համակարգված բնաջնջումը։
Նախագծում նաև հիշատակվում է, որ աշխարհի 32 պետություն տարբեր ձևաչափերով ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, և ընդգծվում է, որ Իսրայելը նույնպես պետք է կատարի այդ քայլը՝ իր բարոյական և պատմական պարտավորությունից ելնելով։