Ժամանակին սահմանադրական կարգի տապալում էին վերագրում, հիմա՝ ծիծաղելի հոդվածներ․ Իշխան Սաղաթելյան
23 Հունիսի 2026, 12:00
Այսօր վաղ առավոտյան իրավապահները ներխուժել են ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանի բնակարան: Խուզարկել են նրա տունն ու անձնական մեքենան:
Ընդդիմադիր գործչի խոսքով՝ իշխանություններն իր դեմ պայքարում արդեն սպառել են լուրջ իրավական հիմքերը: Ըստ նրա՝ եթե տարիներ առաջ մեղադրանքները հնչում էին ծանր հոդվածներով, ապա այսօր գործընթացը վերածվել է իրավական ֆարսի:
«Ժամանակին նորմալ հոդվածներով էին գալիս՝ սահմանադրական կարգի տապալում, զանգվածային անկարգություններ… Հիմա քիչ ծիծաղելի հոդվածներով են գալիս: Ինչ-որ քրեական վարույթի շրջանակներում են խուզարկություն իրականացնում՝ ԴԱՀԿ պահանջները չկատարելու անհասկանալի պատճառաբանությամբ»,- նշել է Սաղաթելյանը:
Պատգամավորի պարզաբանմամբ՝ խնդիրը կապված է ԴԱՀԿ-ի (Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն) ապօրինի պահանջների հետ, որոնք ինքը վիճարկել է Վարչական դատարանում՝ սեփական իրավունքները պաշտպանելու համար: Սակայն դատախազությունն ու քննչական մարմինները գործել են կայծակնային արագությամբ. ընդամենը մի քանի օրվա ընթացքում վարույթ են նախաձեռնել, թեև նամակագրությունն ու պարզաբանումների փուլը տևել է մոտ 3 ամիս:
«Այս ամեն ինչի մեջ շատ տհաճն այն էր, որ առավոտ շուտ երեխեքը տանն էին: Բայց իմ ընտանիքի անդամներն էլ են անցել այս ամենի միջով»,- ընդգծել է պատգամավորը: