Ժամանակն է, որ հայ համայնքները կուսակցական դրոշները վայր դնեն. Դավիթ Մնացականյան

30 Օգոստոսի 2023, 00:00

Կարծիք | Քաղաքականություն

Ամերիկաբնակ հասարակական գործիչ, գործարար Դավիթ Մնացականյանը Alpha Newsուղիղ եթերում հարցադրում է անում Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներին՝ Արցախը մեզ արդյոք պետք է։ Նա ցավով է նկատում, որ իրենց սպասելիքները այդպես էլ չեն արդարացել։

«Մեր նպատակն էր ավելի հանրորեն տեղեկացնել մարդկանց՝ ինչ է կատարվում այս պահին Արցախում։ Ադամ Շիֆի գրասենյակի մոտից սկսեցին մեր հավաքները, իսկ մինչ դա, հացադուլ էինք անում Ադրբեջանի դեսպանատան դիմաց։ Նպատակն էր տեղեկացնել, լուրերով տարածել Արցախի իրավիճակի մասին։

Ցավոք սրտի, մեր ակնկալիքներն ու նվաճումներն այնքան չեն, ինչքան սպասում էինք։ Արցախը այսօր էլի շրջափակման մեջ է, իրավիճակը շատ ավելի բարդ է։ Կարծում եմ, որ պետք է Սփյուռքը հիմա ավելի լրջորեն ինքն իրեն հարցադրում անի՝ արդյոք մեզ պետք է Արցախը»,- ասել է Մնացականյանը։

Նրա խոսքով՝ 500-700 հոգով նստացույցերը շատ քիչ են, պետք է ավելի շատ սփյուռքահայեր ներգրավվեն, որ կարողանան ավելի շատ ճնշում գործադրել և արդյունքն էլ նկատելի լինի․

«Ժամանակն է, որ հայ համայնքները իրենց կուսակցական դրոշները, այսպես ասած, վայր դնեն, և բոլորս միասին համերաշխ կերպով մտնենք այս մեծ պայքարի մեջ։

Ղարաբաղի հարցը չի եկել երեկ, այն բավական երկար ժամանակ է տանելու լուծման համար։ Եթե հայերը միասնական հանդես գան տարբեր պետություններում, ես հավատացած եմ, որ մենք կունենանք դրական արդյունքներ»,- նշել է Դավիթ Մնացականյանը։

Հասարակական գործիչը փաստում է, որ իրենց կողքին կանգնածները շատ չեն և կարևոր է, որ Սփյուռքը մի ծրագրով հանդես գա։