ԲՀԿ-ի 135 ձայնը չհաշվարկելու հետևանքով ՔՊ-ն ստացել է մեծամասնություն․ Վարդևանյան
10 Օգոստոսի 2026, 18:16
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է ավելի քան 58 հազար քվե, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցության ձայներից հանել է 135-ը։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Այսինքն՝ ԿԸՀ-ն, երկու ընտրական տեղամասի արդյունքներն անվավեր ճանաչելով, հանել է այդ 135-ը և վերածել անճշտության։ Արդյունքում՝ ժողովրդի տված քվեն պարզապես վերցվել է»,- նշել է Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ այդ որոշման արդյունքում «Քաղաքացիական պայմանագիրը» կարողացել է ապահովել խորհրդարանում երեք հինգերորդի մեծամասնություն։
Ըստ Արամ Վարդևանյանի՝ անվավեր ճանաչված քվեարկությունները վերաբերում էին զինծառայողների մասնակցությանը, որոնք քվեարկել էին ժամը 20։00-ից հետո։ Վարդևանյանը նաև նշել է, որ պետությունը փաստացի ունի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հնարավորություն։