ԿԸՀ-ն կոչ է անում նախընտրական շրջանում վարչական ռեսուրս չկիրառել

13 Մայիսի 2026, 18:30

Քաղաքականություն

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնյաներին կոչ է անում նախընտրական շրջանում չկիրառել վարչական ռեսուրս։

ԿԸՀ տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է․

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կրկին իրազեկում է՝ վարչական ռեսուրսները մարդկային, ֆինանսական և նյութական այն միջոցներն են, որոնց ընտրությունների ժամանակ տիրապետում են հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձինք, որը պայմանավորված է հանրային ոլորտում անձնակազմի, ֆինանսների և հատկացումների նկատմամբ նրանց վերահսկողությամբ:

Արգելվում է նախընտրական քարոզչության կազմակերպման և իրականացման ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործումը հանրային ծառայության մեջ գտնվողներին, առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս։

Եւս մեկ անգամ կոչ ենք անում նախընտրական քարոզչությունն իրականացնել Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքից բխող կարգավորումների շրջանակում»։

Նշենք, որ այսօր Ապարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին մասնակցել են մարզի գյուղերի ուսուցիչներ և աշակերտներ, և դասաժամերը հատուկ կրճատվել են։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ևս հայտնել է, որ քննվելու է Արագածոտնի մարզում քարոզարշավին դպրոցների մասնակցության հարցը։