Մայքլ Գյուրջյան. Ռեժիսոր, ով աշխարհին պատմեց Հայաստանի պատմությունն իր ֆիլմի միջոցով

04 Փետրվարի 2025, 23:25

Հայեր

Փետրվարի 4-ին ամերիկահայ հայտնի ռեժիսոր, դերասան և գրող Մայքլ Գյուրջյանի ծննդյան օրն է:

Մայքլ Գյուրջյանը ծնվել է 1971 թվականին Կալիֆորնիայի Օքլենդ քաղաքում։ Կինոյում իր կարիերան նա սկսել է դեռևս 90-ականներին՝ խաղալով տարբեր ֆիլմերում և սերիալներում։ 1994 թվականին Գյուրջյանն արժանացել Է «Էմմի» մրցանակի՝ «Դևիդի մայրը» հեռուստաֆիլմում Դևիդ Գուդսոնի դերի համար։

Գյուրջյանը որպես ռեժիսոր կարևոր ներդրում է ունեցել կինոյում։ Որպես ռեժիսոր նրա դեբյուտային խոշոր նախագիծը՝ «Պատրանք» ֆիլմը (2004), մեծ ճանաչում բերեց նրան։ Գյուրջյանը ոչ միայն ֆիլմի ռեժիսոն ու սցենարիստն էր, այլև հոլիվուդյան աստղ Քըրք Դուգլասի հետ կատարել է գլխավոր դերերից մեկը: Ֆիլմը ջերմորեն ընդունվել է քննադատների կողմից և արժանացել մի քանի մրցանակների կինոփառատոններում, այդ թվում՝ «Լավագույն սցենար» անվանակարգում մրցանակը Հեմփթոնի միջազգային կինոփառատոնում: Հետագայում Գյուրջյանը շարունակել է աշխատել վավերագրական կինոյի ժանրում՝ «Hay House» հրատարակչության հետ համագործակցությամբ ստեղծելով այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «You Can Heal Your Life» և «The Shift» ֆիլմերը:

Մայքլ Գուրջյանի վերջին նախագիծը «Ամերիկացին» ֆիլմն է։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Վուդստոկի կինոփառատոնում 2022 թվականին և արժանացել է «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» մրցանակին։

Ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանությունից հրաշքով ողջ մնացած և Միացյալ Նահանգներ գաղթած հայ երիտասարդի՝ Չարլիի մասին: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Չարլին վերադառնում է Հայաստան (Խորհրդային Միություն) և բախվում հետպատերազմյան աղքատության և տոտալիտար ռեժիմի հետ: Նրան սխալմամբ մեղադրում են լրտեսության մեջ և դատապարտում 10 տարվա ազատազրկման։ Մենախցում Չարլին պատուհանից հետևում է դիմացի տանն ապրող հայ զույգի կյանքին. նրա համար դա իրականության միակ պատուհանն է:

Մայքլ Գյուրջյանը ֆիլմի սցենարիստն է, ինչպես նաև հանդես է եկել գլխավոր դերում։ Նկարահանման հրապարակում նրա գործընկերներն էին Հովիկ Կեուչկերյանը, Նելլի Ուվարովան, Միխայիլ Տրուխինը, Նարինե Գրիգորյանը, Ժան-Պիեր Նշանյանը:

Այս ֆիլմում Գյուրջյանն օգտագործել է հումորի տարրեր՝ ոգեշնչվելով այնպիսի վարպետներից, ինչպիսիք են Ռոբերտո Բենինին և Չարլի Չապլինը՝ լուրջ թեմային թեթևություն հաղորդելու համար։ Սակայն ֆիլմի գլխավոր ասպեկտը հայ ժողովրդի նկատմամբ ուշադրությունն է և իր մշակույթը վերականգնելու նրա ձգտումը ողբերգական իրադարձություններից հետո, ինչպիսին է Հայոց ցեղասպանությունը:

Հարկ է նշել, որ «Ամերիկացին» ֆիլմն ընդգրկվել է հեղինակավոր «Օսկար» կինոմրցանակի կարճ ցուցակում: