Մենք միշտ լինելու ենք հայ ժողովրդի կողքին․ ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ
24 Ապրիլի 2026, 21:40
Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին, Մոսկվայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում, ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հանդիսապետությամբ, կատարվել է բարեխոսական կարգ։
Արարողությանը ներկա էին ՌԴ նախագահի աշխատակազմի պաշտոնյաներ, պետական այրեր, ՌԴ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, մտավորականներ, ինչպես նաև շարքային քաղաքացիներ։
Ներկաները ծաղկեպսակներ և ծաղիկներ են խոնարհել եկեղեցական համալիրի տարածքում գտնվող Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։
ՌԴ նախագահի Կենտրոնական դաշնային շրջանում լիազոր ներկայացուցիչ Իգոր Շչեգոլևը նշել է, որ Ռուսաստանը, ռուս ժողովուրդը միշտ կիսել են հայ ժողովրդի ցավը։
«Մենք բազմիցս հաստատել ենք, որ անվերապահորեն դատապարտում ենք 1915 թվականի իրադարձությունները և միշտ եղել ենք ու լինելու ենք հայ ժողովրդի կողքին»,- ընդգծել է Շչեգոլևը։
Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն էլ կարևորել է մեկ դար առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հիշողության պահպանումը։
«Ցեղասպանության ճանաչումը յուրաքանչյուր հայի սրբազան ուխտն է և հավատարմության գրավականը»,- նշել է արքեպիսկոպոսը։
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի խորհրդական, ավագ քահանա Նիկոլայ Բալաշովը հիշեցրել է, որ նահատակների հիշատակը յուրաքանչյուր ժողովրդի գոյության հիմքերից է։
«Ժողովուրդը, որը երես է թեքում իր նահատակներից, կորցնում է իր գոյության հիմքերը, ուստի զոհվածների հիշատակը ապրում է ինչպես մեր սրտերում, այնպես էլ Հայաստանի ժողովրդի սրտերում»,- ասել է պատրիարքի խորհրդականը։
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանն ընդգծել է սերունդների կապի կարևորությունը։
«Մենք եկել ենք հարգելու մեր նահատակների հիշատակը։ Սա առաջին հերթին մեզ է պետք, և այդ դեպքում էլ նրանք էլ մեզ կօգնեն, որովհետև մեր միջև անտեսանելի կապ կա, ինչպես Աստված է մեզ սովորեցնում։ Երկնային արքայությունը նրանց»,- նշել է նա։