ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է

21 Հուլիսի 2026, 19:20

Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանին վերաբերյալ ներկայացված միջնորդության քննությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հետաձգել է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համարի՝ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու պահանջով Գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Արամ Վարդևանյանի խոսքով՝ որոշակի կազմակերպչական հարցերից ելնելով որոշվել է քննարկումը շարունակել վաղը՝ 13։00-ին։

«Որոշակի կազմակերպչական հանգամանքներից ելնելով` որոշվեց նիստը հետաձգել․ այն կշարունակվի վաղը՝ ժամը 13:00-ին: Մենք այն փուլում էինք, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առանձին խորհրդակցությունների արդյունքում արդեն պետք է որոշում կայացներ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու կամ չտալու շուրջ»,- նշել է Վարդևանյանը։

Ըստ փաստաբանի՝ իրենք պահանջել են, որպեսզի միջնորդության քննությունն իրականացվի դռնբաց ընթացակարգով։

«Մենք ուղիղ պահանջեցինք, որ միջնորդությունը քննվի դռնբաց կարգով, որպեսզի նաև ձեզ համար պարզ լիներ, թե ինչի մասին է խոսքը։ Ինչպես ի սկզբանե նշել էինք գործընկերներիս հետ, այս միջնորդությունը որևէ կապ չունի իրականության, իրավունքի, օրենքի, նույնիսկ տրամաբանության հետ: Հնարավոր մեղադրանքը փաստացի վերաբերում է մեր գործընկերներից Ալեքսան Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքի շրջանակներին: Այլ հանգամանքներ այս պահին չբացահայտենք՝ ելնելով նրանից, որ դռնփակ կարգով էր քննվում, բայց դեպքը կամ երևույթը վերաբերում է դրան»,- հայտնել է Արամ Վարդևանյանը։