Մոսկվայի հետ հարաբերությունները փչացնելը բավականին վտանգավոր է և ռիսկային. Ելենա Զինովևա
10 Հուլիսի 2026, 21:30
ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) Համաշխարհային քաղաքական գործընթացների ամբիոնի պրոֆեսոր, քաղաքական գիտությունների դոկտոր Ելենա Զինովևան «Alpha News»-ի հետ զրույցում ամփոփել է Թուրքիայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները, գնահատել ռուս-ամերիկյան հարաբերությունների ներկա վիճակը, խոսել այն մասին, թե հնարավո՞ր է արդյոք ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ուղիղ ռազմական բախում Եվրոպայի ակտիվ ռազմականացման ֆոնին, ինչպես նաև անդրադարձել է այն հարցին, թե Ռուսաստանի և Արևմուտքի միջև լարվածության մեծացումն ինչպես կարող է ազդել հետխորհրդային երկրների, մասնավորապես՝ Հայաստանի վրա:
Նրա խոսքով՝ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը երկակի պատկեր է ցույց տվել. մի կողմից՝ դաշինքի միասնության և Թուրքիայի՝ ստանձնած պարտավորություններին հավատարիմ մնալու հանձնառության ցուցադրում, մյուս կողմից՝ ակնհայտ տարաձայնություններ:
«ԱՄՆ-ը և Դոնալդ Թրամփը ձգտում են կրճատել Եվրոպայի հանդեպ պարտավորությունները, հատկապես՝ ֆինանսական, և տարբեր կերպ են նայում ուկրաինական ճգնաժամին: Եվրոպական առաջնորդների համար սա Ռուսաստանի զսպման ռազմավարություն է, իսկ Թրամփի համար՝ խնդիր, որը պետք է լուծել բանակցությունների միջոցով՝ Չինաստանի հետ դիմակայության վրա կենտրոնանալու համար: Ուկրաինայի հարցով արագ լուծում տեղի չունեցավ, և ԱՄՆ-ն ավելի ու ավելի է հեռանում եվրոպական անվտանգությունից՝ կենտրոնանալով սեփական շահերի վրա: Եվրոպան, իր հերթին, ձգտում է ներքին միասնության և կայունության: Եվրոպացիներին հաջողվեց զիջումներ կորզել Թրամփից, բայց երկարաժամկետ հեռանկարում եվրոպական անվտանգության ֆինանսավորմանը մասնակցելու ամերիկյան ռազմավարությունը հազիվ թե փոխվի»,- ասել է Զինովևան:
Փորձագետը նշել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև մշտական երկխոսությունը մնում է էսկալացիայի կանխարգելման և գլոբալ անվտանգության պահպանման հիմնական մեխանիզմը:
«Ռուսաստանը և ԱՄՆ-ը միջուկային երկու գերտերություններ են, և նրանց միջև մշտական երկխոսությունն անհրաժեշտ է էսկալացիայից խուսափելու և վստահության ամրապնդման համար: Նման երկխոսությունը թույլ է տալիս խուսափել ազդակների սխալ մեկնաբանությունից, ինչպես դա եղավ Կարիբյան ճգնաժամից հետո՝ «կարմիր հեռախոսի» ստեղծմամբ։ Սա չի լուծում բոլոր խնդիրները, բայց պահպանում է հաղորդակցության ուղիներն ու վստահության մթնոլորտը։ Այսօր խաղն ընթանում է միանգամից մի քանի «շախմատային տախտակների» վրա՝ աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական, ռազմական և տեխնոլոգիական, ինչը ձևավորում է ուժերի նոր դասավորություն և որոշակի լավատեսություն է ներշնչում»,- նշել է Զինովևան:
Փորձագետն ընդգծել է, որ հետխորհրդային երկրները, ներառյալ Հայաստանը, բախվում են արտաքին խաղացողների մրցակցության աճին, ընդ որում՝ Ռուսաստանը պահպանում է առանցքային դերը տարածաշրջանում, և Մոսկվայի հետ հարաբերությունների խզումը մնում է ռիսկային քայլ։
«Իհարկե, հետխորհրդային տարածքի համար սա ռազմավարական անորոշության իրավիճակ է։ Մի կողմից՝ Ռուսաստանը մնում է ամենախոշոր դաշնակիցը, ամենամեծ և ամենաազդեցիկ տերությունը տարածաշրջանում։ Դա անվիճելի է։ Նրա նշանակությունը թե՛ տնտեսության մեջ, թե՛ քաղաքականությունում, թե՛ անվտանգության ոլորտում պահպանվում է։ Դրա հետ մեկտեղ մենք տեսնում ենք, որ ԵՄ-ն, ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն և Թուրքիան փորձում են այս երկրներին քաշել դեպի իրենց կողմը։ Կենտրոնական Ասիայում, օրինակ, ուժեղանում է Չինաստանի ազդեցությունը։ Եվ, բնականաբար, սա որոշակի ռիսկեր է ստեղծում հետխորհրդային տարածքի համար։
Եթե խոսենք Հայաստանի մասին, ապա այստեղ մենք արձանագրում ենք հետևյալը․ նախ՝ սա մի երկիր է, որը միշտ սերտ կապեր է ունեցել Ռուսաստանի հետ։ Ռուսաստանում կա մեծ հայկական սփյուռք, ավանդաբար ուժեղ կապեր, մշակութային ու կրոնական մոտիկություն. այս ամենը որոշակի դեր է խաղում։ Միևնույն ժամանակ, այսօր տեսնում ենք, որ ուժեղանում է Թուրքիայի, Ադրբեջանի ազդեցությունը, իսկ ԱՄՆ-ն ու Եվրոպան սկսում են ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի նա փոխի իր ռուսամետ կողմնորոշումը և ավելի մեծ չափով ներգրավվի ԵՄ ռազմավարական կուրսում։
Ինձ թվում է՝ այս իրավիճակում հետխորհրդային տարածքի բոլոր պետությունների համար կարևոր է պահպանել ռազմավարական ինքնավարությունը։ Մի կողմից՝ անհրաժեշտ է արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացում, փոփոխվող պայմանների ու հանգամանքների հաշվառում, արտաքին քաղաքական ճկունություն։ Մյուս կողմից՝ կարևոր է հասկանալ, որ Ռուսաստանը կմնա ազդեցիկ հարևան։ Ռուսական ազդեցությունը հետխորհրդային տարածքում ոչ մի տեղ չի անհետանա։ Եվ այս համատեքստում Մոսկվայի հետ հարաբերությունները փչացնելը բավականին վտանգավոր է և ռիսկային»,- եզրափակել է Զինովևան: