Մոսկվայի պետական համալսարանում հայագիտության ծրագիրը կդառնա հայկական մշակույթի նոր բացահայտում. Ալեքսեյ Մուրավյով

27 Հունիսի 2025, 21:42

Կրթություն

Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկյան երկրների ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների ամբիոնի վարիչ Ալեքսեյ Մուրավյովը Alpha News-ի հետ զրույցում խոսել է Մոսկվայի պետական համալսարանում հայագիտության նոր ծրագրի մասին։

«Գաղափարն այն մասին, որ պետք է ուսումնասիրել հայ ժողովրդի և Հայաստանի լեզուն, մշակույթը և պատմությունը, ի հայտ է եկել ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո: 2010-ականների սկզբին մեկնարկեց հայագիտական ծրագրի առաջին թողարկումը, բայց հետո պարզվեց, որ հնարավոր է դասավանդել միայն հայոց լեզու, իսկ մնացածի մասով, ներառյալ՝ պատմությունը, մշակույթը, փիլիսոփայությունը, դադար տրվեց, քանի որ չկային մասնագետներ, չկային մշակված նյութեր, չկային համապատասխան ծրագրեր։ Արդյունքում եղավ հայագիտության մեկ ծրագրի թողարկում, և ամեն ինչ դրանով ավարտվեց։

Երբ Մոսկվայի պետական համալսարանի Ասիական և Աֆրիկայի երկրների ինստիտուտն ունեցավ նոր ղեկավարություն՝ ի դեմս Ալեքսեյ Ալեքսանդրի Մասլովի, նա անմիջապես ասաց, որ մենք պետք է թարմացնենք այս ամենը և նորից գործարկենք բոլորովին նոր ձևաչափով, քանի որ Հայաստանի, հայ ժողովրդի մասին համալիր ուսումնասիրությունն իրապես անհրաժեշտ է»,-ասել է Մուրավյովը։

Նա նշել է, որ սկսել են աշխատել բոլորովին նոր ձևաչափով՝ հիմնվելով ոչ միայն սեփական ուժերի, այլև Երևանի գործընկերների հետ համագործակցության վրա։

«Միևնույն ժամանակ, ես մի քանի անգամ հանդիպել եմ Եզրաս եպիսկոպոսի հետ (Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյան — խմբ.) և քննարկել մեր համագործակցության պարամետրերը։ Եկեղեցին ամբողջովին աջակցում է մեր նախագծին»,-ընդգծել է Մուրավյովը։

ՄՊՀ պրոֆեսորի խոսքով՝ հայագիտության ծրագրի շրջանավարտները պահանջված են պետական կառույցներում և բիզնեսում:

«Առաջին հերթին, այժմ մենք յուրահատուկ իրավիճակում ենք՝ կա հետաքրքրություն Հայաստանի, ինչպես նաև աշխարհասփյուռ հայության մասին, սակայն չկան համապատասխան մասնագետներ։ Մեզ դիմում են ԱԳՆ-ից, և նույնիսկ մեր արտգործնախարար Սերգեյ Վիկտորի Լավրովն ուղղակիորեն ասել է, որ նման մասնագետներ են պետք, և որ ԱԳՆ-ն սպասում է նրանց։ Բիզնեսում ևս հետաքրքրվածություն կա։ Չմոռանանք, որ Հայաստանում արտահանման-ներմուծման կառուցվածքում Ռուսաստանը զբաղեցնում է մոտավորապես 75 տոկոս, ուստի բիզնեսում պետք է լինեն մարդիկ, որոնք ոչ թե պարզապես մակերեսային իմացություն ունեն երկրի մասին, այլև շատ մոտ են երկրի մշակույթին և լեզվին, քանի որ գործնական ակտիվությունը ևս խիստ կապված է մշակույթի հետ»,-ասել է Մուրավյովը։

Դասախոսի խոսքով՝ ավելի ճիշտ կլիներ, եթե հայագիտությունն ուսումնասիրեին առաջին հերթին ռուսները։

«Մենք ի սկզբանե ցանկանում էինք, որ դիմորդները լինեն ոչ միայն էթնիկ հայեր, այլ նաև ռուսներ, ընդունելության գործընթացը դեռ շարունակվում է, այն ավարտված չէ: Մեր ծրագիրն ընդհանուր առմամբ կոչվում է արևելագիտություն, այսինքն՝ ասիական և աֆրիկյան երկրների ուսումնասիրություն, և այս ծրագրի շրջանակներում կան մասնագիտացումներ, այսինքն՝ ընտրում ես լեզու և առարկաների համապատասխան փաթեթը։ Նախկինում՝ դեռ խորհրդային տարիներին, նույնիսկ համեմատաբար վերջերս, ուսանողները նման ընտրություն չունեին, այսինքն՝ ուսանողն ընդունվում էր, իսկ հետո լեզուն պարտադրում էին նրան։ Բայց հիմա Ալեքսեյ Մասլովը դադարեցրել է դա։ Եվ հետևաբար, սպասում ենք բոլորին՝ ոչ միայն հայկական ծագում ունեցող ուսանողների։

Կարծում եմ, որ ավելի ճիշտ կլիներ, եթե հայագիտությունն ուսումնասիրվեր առաջին հերթին ռուսների կողմից։ Մենք ցանկանում ենք, որ այս ծրագիրը բառի լավ իմաստով լինի հայկական մշակույթի նոր բացահայտում, որն իսկապես քրիստոնեական աշխարհի գլխավոր մշակույթն է: Ուստի, իհարկե, այժմ խնդիր է դրված ոչ միայն մարդկանց սովորեցնել, այլև հասարակական հնչեղություն ստեղծել այս հարցում»,- նշել է Մուրավյովը։

Դասախոսը պարզաբանել է, որ հայագիտության ծրագրում երկրորդ լեզուն դարձել է թուրքերենը, քանի որ հայագիտության ուսումնասիրման համար այն կարևոր դեր ունի՝ որպես Արևելքի լեզու։

«Հայոց ցեղասպանությունն, առաջին հերթին, տեղի է ունեցել Օսմանյան կայսրության տարածքում, որտեղ, բնականաբար, բոլոր փաստաթղթերը գրվել են օսմաներենով, որը մի փոքր տարբերվում է ժամանակակից թուրքերենից, բայց, ընդհանուր առմամբ, դա թուրքերենն է: Հետևաբար, հայերի հետ պատահած այս ողբերգական պատմությունն ուսումնասիրելու համար նույնիսկ օսմաներենի իմացությունն անհրաժեշտ է: Միևնույն ժամանակ, թուրքերենը կարևոր է տնտեսական տեսանկյունից։ Մենք հասկանում ենք, որ Թուրքիան տնտեսական տարածքում շատ մեծ խաղացող է։

Միջազգային ասպարեզում ուժերի հավասարակշռությունն այժմ կտրուկ փոխվում է դեպի այն երկրներ, որոնք նախկինում ստվերում էին: Կենտրոնական Ասիայի երկրները և Հարավային Կովկասի երկրներն ուսումնասիրության համար թերագնահատված ռեսուրս են։ Ուստի կարծում եմ, որ դրանով զբաղվողների թիվը կաճի»,-եզրափակել է Մուրավյովը:

Հիմա եթերում