ՆԳՆ-ն չի հաստատել Սամվել Կարապետյանի ձերբակալման լուրը

17 Հունիսի 2025, 18:39

Քաղաքականություն

ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին:

«Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով գործարար, «Տաշիր գրուպ» ձեռնարկության սեփականատեր Սամվել Կարապետյանի բերման ենթարկվելու մասին լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունները՝ ՀՀ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնել է.

«Մի խումբ անձինք բերման են ենթարկվել։ Իրականացվում են օպերատիվ գործողություններ»:

Հիշեցնենք, որ այսօր Սամվել Կարապետյանը խոսել էր վերջին շրջանում եկեղեցու և Վեհափառ հայրապետի դեմ իշխանությունների սկսած գրոհի մասին և աջակցություն հայտնել եկեղեցուն:

Հարցին, թե ինչ գնահատականներ կարող է տալ այս ամենին, գործարարը նշել էր. «Ինչ կարծիք պետք է ունենամ․ մի փոքր խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու և հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն: Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»: