Նինա Գարսոյան․ համաշխարհային հեղինակություն ունեցող գիտնականը
11 Ապրիլի 2025, 22:33

Ապրիլի 11-ին հայազգի ականավոր պատմաբան, արևելագետ Նինա Գարսոյանի ծննդյան օրն է:
Նինա Գարսոյանը ծնվել է 1923 թվականին Փարիզում՝ Ռուսաստանից արտագաղթած հայ ընտանիքում։ Ավելի ուշ նրա ընտանիքը տեղափոխվել է Նյու Յորք: Գարսոյանը սկզբում հետաքրքրված էր երաժշտությամբ, սակայն ի վերջո ընտրել է պատմաբանի ուղին։ Նա կրթություն ստացել է հեղինակավոր հաստատություններում։
Գարսոյանն ակադեմիական աշխարհում կարևոր հետք է թողել։ Նա դարձել է Կոլումբիայի համալսարանի առաջին կին պատմաբանը, որ զբաղեցրել է այդ պաշտոն, ապա հիմնել և ղեկավարել է Հայոց պատմության և քաղաքակրթության ամբիոնը։ Նա նաև դարձել է Փրինսթոնի համալսարանի առաջին կին դեկանը։
Նինա Գարսոյանի աշխատությունները վերաբերում են միջնադարյան Հայաստանի, հայկական եկեղեցու պատմությանը, աղբյուրագիտությանը և մշակույթին, հայ-բյուզանդական, հայ-պարսկական, պարսկա-բյուզանդական հարաբերություններին, հայ ազգային ինքնագիտակցության ձևավորման հարցերին,Պավլիկյան շարժմանը: Նա նաև անգլերեն է թարգմանել Փավստոս Բուզանդի «Հայոց պատմություն», Նիկողայոս Ադոնցի «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» և Հակոբ Մանանդյանի «Հայաստանի առևտրի և քաղաքների մասին…» և այլ պատմաբանների աշխատությունները։
Նա եղել է նաև Բրիտանական ակադեմիայի թղթակից անդամ, Ամերիկյան միջնադարյան ուսումնասիրությունների ակադեմիայի լիիրավ անդամ, Սմիթ քոլեջի պրոֆեսոր, ինչպես նաև երկու անգամ ընտրվել է որպես Ֆորդ հիմնադրամի հոգաբարձու:
Նինա Գարսոյանը մեծ ներդրում է ունեցել հայագիտության և բյուզանդագիտության զարգացման գործում ոչ միայն իր հրատարակությունների, այլև գիտնականների նոր սերնդի դաստիարակությամբ, իսկ նրա գործունեությունը բարձր է գնահատվել միջազգային գիտական հանրության կողմից։
Նինա Գարսոյանը կյանքից հեռացել է 2022 թվականի օգոստոսի 14-ին։