Նոր քրեական գործը աբսուրդ է և կանխամտածված․ Ռոբերտ Քոչարյան

19 Հունիսի 2026, 21:17

Քաղաքականություն

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր դեմ հարուցված նոր քրեական գործն անվանել է կանխամտածված և աբսուրդային՝ այն ուղղակիորեն կապելով առաջիկա օրերին Հայաստանից իր նախատեսված մեկնման հետ։ Լրագրողների հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահը նշել է, որ ընդամենը երեք օր առաջ լրատվամիջոցների հարցմանն ի պատասխան հայտնի էր, որ իր նկատմամբ որևէ քրեական գործ չկա, սակայն ընդամենը մեկ օր անց իրավիճակը կտրուկ փոխվել է։

«Շատ արագ՝ երկու օրում, գործ են ստեղծել։ Այդ գործով հրավիրվել եմ Հակակոռուպցիոն կոմիտե, ծանոթացել եմ նյութերին։ Դա ուղղակի աբսուրդ է, նույնիսկ չգիտեմ, թե ինչ ասեմ»,- հայտարարել է նա։

Անդրադառնալով մեղադրանքի բովանդակությանը՝ Ռոբերտ Քոչարյանը պարզաբանել է, որ ամբողջ գործում իրեն վերագրվող միակ քայլը 2004 թվականին կառավարության որոշման վավերացումն է, որն այդ ժամանակ իր՝ որպես պետության ղեկավարի սահմանադրական պարտականությունն էր։

«Այստեղ հատուկ ուզում եմ շեշտել մի կարևոր նրբություն, որը փորձում էր կիրառել քննիչը։ Նախագահը կառավարության որոշումները չի հաստատում։ 1995 թվականի Սահմանադրությամբ նախագահը վավերացնում է դրանք։ Սա նշանակում է մեկ բան՝ դու կապ չունես որոշման բովանդակության հետ։ Դու ընդամենը վավերացնում ես, որ դա իսկապես կառավարության որոշում է, որպեսզի այն հրապարակվի։ 1995-2007 թվականներին բոլոր որոշումներն այդպես են վավերացվել, քանի որ դա սահմանադրական պահանջ էր»,- նշել է նա՝ հավելելով, որ Սահմանադրությունը նույնիսկ չէր նախատեսում որոշումը չվավերացնելու որևէ ընթացակարգ կամ տարբերակ։