Նույնիսկ շնչելուց առաջ վերևից զանգ են սպասում. Բագրատ Միկոյանը՝ իրավապահ համակարգի մասին
24 Նոյեմբերի 2026, 18:24
Երեկվա դրությամբ Սահմանադրության նախագիծը քրեակատարողական հիմնարկ չի թույլատրվել տեղափոխել։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրոյցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն՝ անդրադառնալով նախագահին Սահմանադրության նախագծին ծանոթանալու հնարավորության սահմանափակմանը։
Բագրատ Միկոյանի խոսքով՝ նախագիծը ներբեռնվել է կառավարության պաշտոնական կայքից, տպագրվել և 68 էջանոց փաթեթով ուղարկվել քրեակատարողական հիմնարկ, սակայն այն ներս չի թույլատրվել՝ ձևաչափի հետ կապված պատճառաբանությամբ։
Այնուամենայնիվ, նա հույս է հայտնել, որ առաջիկայում նախագիծը կթույլատրվի տեղափոխել քրեակատարողական հիմնարկ։
«Չեմ բացառում, որ նախագիծը հետագայում կտպագրվի պաշտոնական տեղեկագրում կամ գրքի տեսքով, բայց այն, որ երեկ այն ներս չի տեղափոխվել, փաստ է։
Ինձ թվում է՝ իրավապահ համակարգը գնալով ավելի ու ավելի վախկոտ է դառնում։ Երբեմն տպավորություն է, թե նույնիսկ շնչելուց առաջ պետք է վերևից զանգ ստանան՝ իմանալու համար, թե ինչպես վարվեն։ Նախորդ կալանքի ընթացքում նախագահը քրեական գործի նյութերին ծանոթանալու համար ունեցել է անհրաժեշտ տեխնիկական միջոցներ։ Հարյուրավոր հատորներից բաղկացած գործը սովորական խցում ֆիզիկապես տեղավորելն անհնար է, ուստի էլեկտրոնային տարբերակով աշխատելու հնարավորությունը կարևոր է»,- ընդգծել էԲագրատ Միկոյանը։