«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Շիրակի մարզ
04 Մայիսի 2026, 22:07
Շիրակի մարզ աշխատանքային այցի շրջանակներում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն այցելել են Գյումրի և Արթիկ քաղաքներ։
Այցը մեկնարկել է Արթիկ քաղաքից, որտեղ Անկախության 44/1 հասցեում բացվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության տարածքային գրասենյակը։
Կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը, խոսելով Արթիկ համայնքի մասին, նշել է, որ շուրջ 50 հազար բնակչություն ունեցող համայնքը ժամանակին արդյունաբերական կենտրոն էր և Արթիկ ասելով՝ բոլորը պատկերացնում էին Հայաստանի շինանյութերի, շինարարական հումքի կենտրոնը:
«Այսօր, եթե զբոսնենք յուրաքանչյուր համայնքում, կտեսնենք, որ տղամարդկանց նշանակալի մասը Հայաստանից դուրս է եկել: Նույն վիճակը այստեղ է, Շիրակի հյուսիսում է, Գեղարքունիքում է, նույն վիճակը իմ հայրենի համայնքում է: Դուք թողնում եք համայնքը՝ գնում եք, որովհետև այստեղ աշխատանք չկա»,- նշել է նա։
Ըստ Նարեկ Կարապետյանի՝ պատճառը աշխատատեղերի բացակայությունն է։
«Ո՞վ է այն մարդը, որն այսօր պետք է գա՝ Հայաստանն առաջնորդելու: Այդ մարդը մեզ պես, ձեզ պես մարդ է, որ ժամանակին գնացել է արտագնա աշխատանքի, հաջողությունների է հասել, բայց միշտ հիշել է իր հայրենի համայնքը, իր հայրենիքը ու հաջողության հասնելուց հետո ամեն անգամ աջակցել է իր հայրենիքին», — նշել է Նարեկ Կարապետյանը և անդրադարձել Սամվել Կարապետյանի փոփոխություններ բերող ծրագրերին։
Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում էլ կայացել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների հանդիպումը Շիրակի մարզի համակիրների հետ։
Իր խոսքում կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն անդրադարձել է Շիրակի մարզում և Գյումրի քաղաքում առկա խնդիրներին՝ շեշտելով, որ Շիրակը ոչ միայն հանդիսանում է Հայաստանի ամենաաղքատ մարզերից մեկը, այլև 2018 թվականի իշխանափոխությունից հետո մարզում աղքատության ցուցանիշն աճել է, իսկ մարզում բնակվող ամեն երկրորդ երեխան ապրում է աղքատության մեջ։
«Վերջին տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը վերցրել է 8 միլիարդ դոլարի վարկ։ Ամեն ընտանիքի վրա այս իշխանությունը 10 հազար դոլարի վարկային բեռ է դրել։ Եթե դրա մի տոկոսը ծախսվեր Գյումրիի համար, այսօր անտուն մարդ Գյումրիում չէր լինի», — նշել է Նարեկ Կարապետյանը։
Այնուհետև նա ներկայացրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի կողմից առաջարկվող ծրագրերը։ Մասնավորապես, խոսելով ծայրահեղ աղքատության հաղթահարման ծրագրի մասին՝ Նարեկ Կարապետյանը նշել է.
«Ստեղծվում է ծայրահեղ աղքատության հաղթահարման պետական հիմնադրամ, որի մասին երեք օր առաջ Սամվել Կարապետյանի ներկայությամբ մենք հայտարարել ենք։ Այդ հիմնադրամում գումար է դնում մի քիչ պետությունը, մնացած մասն էլ՝ աշխարհի ուժեղ հայերը։ Ծայրահեղ աղքատության մեջ ապրող ընտանիքները, որոնց նշանակալի մասը Գյումրիում են, 5-hոգանոց ընտանիքը սկսելու է ստանալ ամսական 150 հազար դրամ, որպեսզի աշխատանքի հետ զուգահեռ կարողանա ինչ-որ կերպ երեխաներին կրթության տալ, առողջապահական հարցերը լուծել։ Սա առաջին մեծ փոփոխությունն է, որը ուզում ենք անել։ 6 ամսվա ընթացքում Հայաստանում ծայրահեղ աղքատ մարդ չպետք է լինի», — նշել է Նարեկ Կարապետյանը։
Անդրադառնալով Գյումրիի զարգացման տեսլականին և ուղղություններին՝ նա հայտնել է, որ հաշվի առնելով քաղաքի պատմամշակութային ժառանգությունը՝ Գյումրին կարող է դառնալ տուրիզմի ամենապահանջված ուղղություններից մեկը։ Նա նաև խոսել է գյումրեցիների՝ սպորտում ունեցած հաջողությունների մասին։
Հանդիպումից հետո կուսակցության անդամները քայլերթ են կատարել հայրաքաղաքի կենտրոնական փողոցներով և շփվել գյումրեցիների հետ։ Քայլերթի ընթացքում նրանք անցել են տնային կալանքում գտնվող Միքայել Սրբազանի կեցավայրի մոտով և «Ազատություն, ազատություն» վանկարկումներով ողջունել պատշգամբից իրենց միացած Սրբազանին։