Ուկրաինական կողմն ամբողջությամբ ճկվել է. Արթուր Աթաևը՝ Ջիդայում բանակցությունների մասին
13 Մարտի 2025, 23:30
Ռուս քաղաքագետ Արթուր Աթաևը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է նախօրեին Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև տեղի ունեցած բանակցություններին։
«Վստահաբար կարելի է ասել, որ ուկրաինական կողմն ամբողջությամբ ճկվել է՝ դատելով այն էյֆորիայից, որն ունեն ամերիկացիները։ Պետքարտուղար Ռուբիոն անցած փուլը բնութագրել է շատ հաջող։ Այսինքն՝ մենք տեսնում ենք եզակի միջազգային նախադեպ։ Զելենսկին երկրում էր, բայց բանակցություններն անցան առանց նրա։ Սա նույնպես եզակի ձևաչափ է, որը հաստատում է նախորդ թեզը։ Ուստի ուկրաինացիները պատրաստ են ամեն ինչի, միայն թե Ամերիկան նրանց չլքի։ Այն սկանդալը, որը եղել է Օվալաձև աշխատասենյակում, եթե ոչ ամբողջությամբ, ապա զգալի չափով հարթեցվել է», — ընդգծել է Աթաևը։
Փորձագետի կարծիքով՝ Ուկրաինան փաստացի կմտնի ԱՄՆ-ի կազմի մեջ այն մտադրությունների նմանությամբ, որոնք Դոնալդ Թրամփը ծրագրել էր Կանադայի նկատմամբ:
«Այժմ միանշանակ կարելի է պնդել՝ ելնելով այն ուղերձներից, որոնք արդեն հնչել են, Ուկրաինան զրկվել է ամբողջովին տնտեսական ինքնիշխանությունից և սարերի հետևում չէ նաև քաղաքական ինքնիշխանությունը։ Այսինքն՝ այն, ինչ Թրամփը ծրագրել էր անել Կանադայի հետ՝ այն հայտարարելով ԱՄՆ 51-րդ նահանգ, դա փաստացի տեղի կունենա, հավանաբար, Ուկրաինայի հետ։ Սա նույնպես յուրօրինակ միջազգային նախադեպ է», — նշել է փորձագետը։
Քաղաքագետը նաև կարևորել է Ռուսաստանի դերը բանակցային գործընթացում, հատկապես Ուկրաինայում և Կուրսկի շրջանում ՌԴ ԶՈւ ռազմական հաջողությունների ֆոնին:
«Դե, իսկ ամենակարևորն այն է, թե ինչ կասի Ռուսաստանը, քանի որ հիմա մենք տեսնում ենք հարձակման ակտիվ փուլ, տարածքների ազատագրման ակտիվ փուլ։ Սա լուրջ հաջողություն է։ Ավանդաբար Ռուսաստանին հենց նման հաջողությունների ժամանակ են զինվորականները փորձում տեղափոխել դիվանագիտության ռելսերի վրա։ Տեսնենք, թե դրանից ինչ կստացվի», — եզրափակել է Alpha News-ի զրուցակիցը։