Սփյուռքի առաջնային ու կարևոր խնդիրը հայապահպանության հարցն է. Դիանա Տեր-Կարապետյան
29 Սեպտեմբերի 2024, 13:46
Հայությունը պետք է պայքարի, որ բոլորը ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, հակառակ դեպքում ցեղասպանությունները կշարունակվեն։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասաց Դիանա Տեր-Կարապետյանը, ով ԱՄՆ-ից ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Մայր Տաճարի վերաօծման արարողությանը և Հայրապետական Սուրբ Պատարագին։
«Ողջ Սփյուռքի առաջնային ու կարևոր խնդիրը հայապահպանության հարցն է, իսկ մենք Սփյուռքում ենք, որովհետև մեր նախնիները Ցեղասպանությունից մազապուրծ եղածներ են։ Մենք պետք է պայքարենք, որ բոլորը ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, քանի որ այն մոռացության տալով ցեղասպանությունները կշարունակվեն՝ ինչպես եղավ Արցախի դեպքում»,- ասաց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ այսօր հայությունը պայքարում է խաղաղ ապրելու համար։
«Կարծում եմ՝ Ադրբեջանն իսկապես խաղաղություն կնքելու ցանկություն չունի։ Բայց մենք՝ սփյուռքահայերս, այս հարցի մասին չենք կարող լավ ու պատկերավոր խոսել, քանի որ հենց Հայաստանում բնակվողներն են, որ պայքար են տալիս հայրենիքի համար։ Հայությունը մեծ բան չի ուզում՝ ընդամենը խաղաղ ապրել ու վերջակետ դնել բոլոր հակամարտություններին», — նշեց Դիանա Տեր-Կարապետյանը։