Պարագվայը չպետք է հայտնվեր փլեյ-օֆֆում․ Ռոբերտ Գասպարյան
30 Հունիսի 2026, 23:30
Որևէ մեկը չէր կանխատեսել, որ նման սենսացիա տեղի կունենա ԱԱ-2026-ի 1/16 փուլում։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է մարզական մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը:
«Լավ է, որ ամեն ինչ սկսվեց հաջողությամբ՝ Բրազիլիայի հավաքականի հաղթանակով։ Թիմը պարտվում էր առաջին խաղակեսում 0:1 հաշվով, բայց երկրորդ խաղակեսում երկու գոլ խփեց և հանդիպման ավարտից հաշված վայրկյաններ առաջ կարողացավ կորզել հաղթանակը։ Սա նույնպես անակնկալ էր։ Եթե խոսենք անակնկալներից, ապա սա ընդհանրապես կարելի է համարել աշխարհի առաջնության ամենաանսպասելի օրերից մեկը։ Մեծ անակնկալ էր նաև, որ Ճապոնիայի հավաքականը նման մակարդակի խաղ ցուցաբերել Բրազիլիայի դեմ»,-նշել է Գասպարյանը։
Անդրադառնալով Պարագվայ-Թուրքիա խաղին՝ Գասպարյանը նշել է, որ տեղի է ունեցել անարդարություն։
«Իսկ այն, ինչ տեղի ունեցավ հաջորդ խաղերում, ուղղակի ինձ համար անարդար էր։ Պարագվայի հավաքականն առհասարակ չպետք է հայտնվեր փլեյ-օֆֆում։ Բացարձակ ոչ սպորտային մրցակցության արդյունքում թիմը դուրս եկավ խմբից. Թուրքիայի հետ խաղում նրանք ընդհանրապես ֆուտբոլ չխաղացին, պարզապես խոտածածկին պառկելով ու ժամանակ ձգելով հաղթանակն ապահովեցին։ Իսկ վերջին տուրի խաղում, որտեղ ոչինչ չէր որոշվում, պարզապես 0:0 ավարտեցին հանդիպումը, ինչը լիովին բավարար էր հաջորդ փուլ դուրս գալու համար»- ընդգծել է մեկնաբանը։
Խոսելով Գերմանիայի հավաքականի խաղի մասին՝ նա նշել է, որ, ըստ վիճակագրության, գերմանացիները ֆանտաստիկ ուժեղ թիմ են՝ թե՛ կազմով, թե՛ տակտիկապես, թե՛ մարզչական շտաբի աշխատանքով։