Պարտության մեղավորը զինվորը չէ․ պատասխան պետք է տան որոշում կայացնողները. Տիգրան Պետրոսյան

19 Նոյեմբերի 2026, 22:30

Կարծիք | Քաղաքականություն

Պատերազմի ավարտից հետո՝ անկախ նրանից՝ այն ավարտվել է հաղթանակո՞վ, թե՞ պարտությամբ, սկսում են մեղավորներ փնտրել։ Սակայն պարտության մեղավորը զինվորը չէ։ Այս մասին Alpha News-ի եթերում ասել է «Նեմեսիս» ռազմահայրենասիրական ՀԿ խորհրդի անդամ, ազատամարտիկ և հրամանատար Տիգրան Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ մարտի դաշտում զինվորն ընդամենը կատարում է իր առջև դրված խնդիրը, մինչդեռ հետպատերազմյան շրջանում հայտնվում են մարդիկ, որոնք հեռվից քննադատում են՝ անտեսելով ռազմաճակատում տիրող իրական բարդությունները։

«Եթե պատերազմը հաղթանակած ես ավարտել, գոնե պետք է գովաբանես։ Իսկ եթե պարտված ես վերադարձել, այդ պարտությունը զինվորի վրա չէ։ Այնտեղ եղած մարդկանց պետք է հարցեր տալ, լսել նրանց խոսքը, ոչ թե քննադատել»,- ընդգծել է ազատամարտիկը։

Անդրադառնալով բանակում ենթադրյալ չարաշահումների և անցյալի իրադարձությունների վերաբերյալ իշխանությունների հայտարարություններին՝ Պետրոսյանը կարևորել է փաստերի հիման վրա խոսելու և իրադարձությունների անմիջական մասնակիցներին լսելու անհրաժեշտությունը։

Ազատամարտիկի համոզմամբ՝ առաջնագիծը պահած զինվորականների նկատմամբ վերաբերմունքը չպետք է կախված լինի քաղաքական իրավիճակից։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հաշվի առնել նրանց փորձն ու կարծիքը, իսկ պատերազմին գնահատական տալիս հստակ տարանջատել շարքային զինվորների և որոշումներ կայացնողների պատասխանատվությունը։