Փասադենայի հայ համայնքը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում է կազմակերպում

17 Ապրիլի 2024, 17:05

Քաղաքականություն

Փասադենայի հայ համայնքը հայտարարել է համազգային միջոցառում՝ «Տոկունություն ի դեմս ցեղասպանության. այն ժամանակ և հիմա» խորագրով, որ տեղի կունենա կիրակի՝ ապրիլի 21-ին, Փասադենայում գտնվող Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ:

Միջոցառումը նպատակ ունի հանրության ուշադրությունը հրավիրել հայ համայնքի շարունակական պահանջներին՝ ուղղված Թուրքիային՝ պատշաճ կերպով ճանաչելու իր կատարած հանցագործությունները հայ խաղաղ բնակչության դեմ։ Միջոցառումը նաև ընդգծում է, որ ճանաչման և անպատժելիության բացակայությունը կարող է ծնել նոր հանցագործություններ, ինչի մասին են վկայում Ադրբեջանի կողմից Արցախում կազմակերպված էթնիկ զտումները:

Միջոցառումը կսկսվի 1915 թվականի Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությամբ։ Արարողությունից հետո հիմնական բանախոս Սեդա Անթեքելյանը կներկայացնի ցեղասպանությունը վերապրածների վկայությունները: Ելույթով հանդես կգա նաև ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն։ Միջոցառման ավարտին տեղի հայկական դպրոցների սաները կարտասանեն բանաստեղծություններ, կերգեն երգեր:

«Փասադենայի հայերը երկար ու հարուստ պատմություն ունեն հենց քաղաքում: Այսօր մենք հավաքվում ենք՝ հարգելու Հայոց ցեղասպանության ավելի քան 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը և իրազեկելու այն վայրագությունների մասին, որոնք այժմ շարունակվում են արցախցի մեր հայրենակիցների նկատմամբ»,- ասել է Փասադենայի հայ համայնքի անդամ Պողոս Պատատյանը։

«Մենք հրավիրում և քաջալերում ենք ամերիկահայերին և Փասադենայի ողջ համայնքին միանալ մեզ՝ մասնակցելու հիշատակի՝ այս կարևոր միջոցառմանը», — ավելացրել է նա: