Պետք է մասնակցել ընտրություններին, որպեսզի ուրիշները մեր փոխարեն չորոշեն մեր ճակատագիրը. Սամվել Կարապետյան
03 Հունիսի 2026, 21:55
Նվաստացումների և պարտությունների շեմին հայ ժողովրդին խոստացան խաղաղություն, բայց բերեցին երեք պատերազմ, և երեքն էլ ավարտվեցին պարտությամբ։ Այս մասին «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքի ժամանակ հայտարարել է կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը։
«Հայ ժողովրդին խոսատացան տարածքային ամբողջականություն, բայց կորցրեցինք մեր հողերը: Հայ ժողովրդին խոստացան արժանապատվություն, բայց այսօր հայերի համար շատ ծանր վիճակ է. կորցնում ենք մեր ինքնությունը»,- ասել է կուսակցության նախագահը:
Նրա խոսքով՝ փոփոխությունները գալիս են։ «Փոփոխությունները մարդիկ կզգան իրենց կյանքում, և դրանք կսկսվեն հունիսի 7-ից հետո։ Յուրաքանչյուր հայ կապրի արժանապատիվ կյանքով, ոչ թե պարզապես գոյատևելու համար: Ես երաշխավորում եմ:
Այսօր սրանից կարևոր հարց չկա․ հայերը պետք է մասնակցեն ընտրություններին, որպեսզի ուրիշները մեր փոխարեն չորոշեն մեր ճակատագիրը։ Պատմությունը հունիսի 7-ը կհիշի որպես օր, երբ հայ ժողովուրդն ընտրություն կատարեց ապրել ուժեղ և ազատ Հայաստանում: Կհիշվի որպես օր, երբ հայերը որոշեցին ունենալ 300,000 նոր աշխատատեղ»,- նշել է Սամվել Կարապետյանը: