Պատրաստ եմ Վանում գտնվող եկեղեցին փոխանցել մշակույթի նախարարությանը. Ֆաթիհ Ալթայլ

19 Հունիսի 2026, 11:41

Մշակույթ

Վանում գտնվող 8-րդ դարում կառուցված Վարագավանքի (Յոթ եկեղեցիներ) վանական համալիրի տարածքը պատկանում է լրագրող Ֆաթիհ Ալթայլի ընտանիքին։ Հայկական ճարտարապետության և մշակութային ժառանգության կարևորագույն հուշարձաններից մեկը հանդիսացող այս կառույցն օրեցօր ավելի է քայքայվում։ Վերջերս Ալթայլը հայտարարել է, որ պատրաստ է եկեղեցին անվճար հանձնել երկրի մշակույթի նախարարության տնօրինությանը։

«Եկեղեցու կամ եկեղեցական համալիրի վրա գտնվող հողատարածքն իրականում ինձ չի պատկանում։ Այն մինչ օրս գրանցված է պապիկիս անունով։ Եթե մշակույթի նախարարությունը ցանկանա, թող գան, ես կխոսեմ ընտանիքի մյուս անդամների հետ։ Թող վերցնեն և օգտագործեն, նույնիսկ առանց փոխհատուցման օտարեն, մենք եկեղեցիների սիրահարներ չենք»,- ասել է Ալթայլը Նիլ Գյուլսյումի YouTube-յան հաղորդման ընթացքում։

Նա նաև պատմել է, թե ինչպես է եկեղեցու տարածքն անցել իրենց ընտանիքի սեփականությանը։

«Ինձ պատմել են, որ երբ պետությունը մեր ընտանիքի հողերի մի մասում հասարակական շենքեր էր կառուցում, փոխհատուցման նպատակով սեփական հողերից որոշ տարածքներ է տրամադրել։ Այդ փոխանցված գույքերի թվում եղել է նաև այս եկեղեցին։ Մենք չենք քանդել այն, չենք փորձել վաճառել, և այն մինչ օրս կանգուն է»,- նշել է լրագրողը։

Այս հարցը վաղուց գտնվում է հայկական համայնքի ուշադրության կենտրոնում։ Վանում գտնվող Վարագավանքի համալիրը մեծ նշանակություն ունի թե՛ ճարտարապետական, թե՛ կրոնական, և թե՛ հայկական ժառանգության տեսանկյունից, սակայն տարիների անուշադրության հետևանքով այն զգալիորեն քայքայվել է և այսօր կանգնած է փլուզման վտանգի առաջ։

Հարցը քննարկվել էր նաև 2025 թվականի դեկտեմբերին, երբ Հայ Առաքելական Եկեղեցու Կոստանդնուպոլսի պատրիարքության առաջնորդ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը հանդիպել էր Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին։ Պատրիարքը նշել էր, որ Վարագավանքի վերականգնումն ու այցելուների համար բացելը կարող է զգալի խթան հանդիսանալ տարածաշրջանային զբոսաշրջության զարգացման համար, միաժամանակ նպաստելով մշակութային և պատմական ժառանգության պահպանմանը։

Ավելի ուշ տարածված հայտարարության մեջ Սահակ Մաշալյանն ասել էր, որ նախարարին հիշեցրել է՝ «պետությունը դեռևս կարող է իր վերահսկողության տակ վերցնել այս հուշարձանը», իսկ նախարար Էրսոյը պատասխանել է, որ Ալթայլի ազատ արձակումից հետո կանդրադառնա այդ հարցին։

Հարկ է նշել, որ տարիներ շարունակ չվերանորոգված վանքը, որը նաև տարբեր երկրաշարժերի հետևանքով աստիճանաբար վնասվել է, այսօր մասնակիորեն գտնվում է տեղական հայկական համայնքի հոգածության ներքո։