Պուտինը ատոմակայանի հարցով Փաշինյանին փակուղի է մտցրել
30 Սեպտեմբերի 2026, 19:00
(Լիխաչովի Հայաստան կատարած այցի հիմնական հետևությունները)
««Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի այցը Երևան և նրա բանակցությունները Նիկոլ Փաշինյանի հետ սկզբունքային շրջադարձ են արձանագրել Ռուսաստանի և Հայաստանի միջև էներգետիկ երկխոսության մեջ: Ռուսական կողմը դե ֆակտո մերժել է Մեծամորի ԱԷԿ-ի տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի կողմից ավելի վաղ հնչեցրած Հայաստանի ղեկավարության առաջարկը՝ գործող կայանի շահագործման ժամկետը կրկին երկարաձգել նախ մինչև 2036 թվականը, այնուհետև մինչև 2041 թվականը։ Դրա փոխարեն Մոսկվան հստակ և միանշանակ նշեց միակ ողջամիտ այլընտրանքը՝ նոր, ժամանակակից էներգաբլոկի, իսկ հեռանկարում՝ նաև երկրորդի կառուցումը:
Հայկական կողմի հաշվարկն այս էներգետիկ կոմբինացիայում ակնհայտ էր: Երևանը ծրագրում էր առավելագույնս քամել խորհրդային Մեծամորի ԱԷԿ-ի ռեսուրսները, որը երկրին մինչև 40 տոկոս էժան էլեկտրաէներգիա է տալիս, իսկ դրա շահագործման վերջնաժամկետին մոտ գործարկել այլընտրանքային նախագիծ, օրինակ՝ ամերիկյան փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաների ներգրավմամբ:
Ըստ էության, Փաշինյանն ատոմային ոլորտում փորձեց կիրառել նույն մոտեցումը, ինչ ԵԱՏՄ-ի դեպքում՝ մինչև Արևմուտքի հետ իրական այլընտրանքային համագործակցության հնարավորություն ստեղծվելը, հնարավորինս մեծ օգուտ ստանալ Մոսկվայի հետ գործող համագործակցությունից: Սակայն Կրեմլում և «Ռոսատոմ»-ում այս մտահղացումը նախօրոք հաշվարկեցին և Լիխաչովի շուրթերով վճռականորեն փակեցին նման սցենարի իրականացման հնարավորությունը:
Ընդ որում, ռուսական նախաձեռնության առանցքային տարրը միջազգային կոնսորցիումի շրջանակներում նոր էներգաբլոկ կառուցելու առաջարկն էր՝ արտասահմանյան մատակարարների, այդ թվում՝ Եվրոպական միության և Ասիայի երկրների ընկերությունների (խոսքը Ֆրանսիայի, Հարավային Կորեայի և Չինաստանի մասին է) ներգրավմամբ: Այս նախաձեռնությունն անհրաժեշտ է դիտարկել երկու սկզբունքորեն կարևոր համատեքստում: Առաջին հերթին, կոնսորցիումի մասին առաջարկն իրենից ներկայացնում է հայկական էներգետիկ շուկայի դիվերսիֆիկացման հստակ քայլ: Սա հենց այն դիվերսիֆիկացիան է, որի անհրաժեշտության մասին Հայաստանի իշխանությունները հայտարարում են 24/7 ռեժիմով՝ բոլոր միջազգային հարթակներում:
Երկրորդ՝ սա կարևոր է Երևանի և Մոսկվայի միջև այլ ենթակառուցվածքային վեճերի հետ համադրության մեջ: Ցանկանալով վաղաժամկետ խլել Հարավկովկասյան երկաթուղուց հայկական երկաթուղիների կառավարման կոնցեսիան՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն դա հիմնավորում է միջազգային ներդրումներ ներգրավելու և երկիրը համաշխարհային տրանսպորտային համակարգում ինտեգրելու անհրաժեշտությամբ: Սակայն ԱԷԿ-ի հարցում Մոսկվան անմիջապես չեզոքացնում է փաշինյանական այս փաստարկը: Որպես ակնառու նախադեպ կարելի է բերել «Ռոսատոմ»-ի կողմից Ղազախստանում առաջին ԱԷԿ-ի վերջերս հաստատված նախագիծը: Այնտեղ հենց ռուսական պետական կորպորացիան գլխավորեց միջազգային կոնսորցիումը, որի մեջ մտան Ֆրանսիայի, Հարավային Կորեայի և Չինաստանի առաջատար արտադրողներն՝ ապահովելով շահերի հավասարակշռություն և բարձրագույն տեխնիկական մակարդակ:
Այսպիսով, Ռուսաստանը Փաշինյանին զրկում է որևէ մանևրից և որոշման ընդունումից սովորականի պես խուսափելու հնարավորությունից: Եթե Երևանը մերժի նույնիսկ միջազգային կոնսորցիում ստեղծելու առաջարկին, որտեղ «Ռոսատոմ»-ը պատրաստ է աշխատել եվրոպական և ասիական հսկաների հետ կողք կողքի, դա կդառնա վերջնական և անվիճելի ապացույցն այն բանի, որ հայկական ղեկավարության միակ տրամաբանությունը Ռուսաստանի շահերին հակառակ գործելն է: Նման դեպքում Մոսկվայի արձագանքը կարող է չափազանց տհաճ և անկանխատեսելի լինել հայկական կողմի համար։
Մտածե՛ք այդ մասին…»։