Քրեական հետապնդումները նպատակ ունեն լռեցնելու ընդդիմադիրներին. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը
30 Սեպտեմբերի 2026, 20:26
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ դատարանը մերժել է մեղադրող կողմի միջնորդությունը և որոշում կայացրել կուսակցության ներկայացուցիչ Ալեքսան Ալեքսանյանի կալանավորումը փոխարինել 3 ամիս ժամկետով տնային կալանքով:
Կուսակցության փոխանցմամբ՝ դատարանի այս որոշումը հաջորդում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հրապարակած զեկույցին, որտեղ արձանագրվել էին «Հայաստանում ընդդիմախոսների նկատմամբ իշխանության գործադրած քաղաքական ճնշումներն ու հետապնդումները»։
«Ուժեղ Հայաստան»-ն ընդգծում է, որ Ալեքսանյանի անազատության ռեժիմի մեղմացումն ընդամենը առաջին քայլն է նրա լիակատար ազատության վերականգնման ճանապարհին:
«Իսկական արդարադատությունը ենթադրում է քաղաքականապես ուղղորդված այս կարված գործի ամբողջական կարճում և որևէ խափանման միջոցի իսպառ վերացում: Իշխանությունների պատվերով իրականացվող քրեական հետապնդումները նպատակ ունեն լռեցնելու ընդդիմադիր գործիչներին և կոտրելու քաղաքական դիմադրությունը, ինչը, սակայն, ձախողվում է»,- ասված է հայտարարության մեջ:
Քաղաքական ուժը վերահաստատում է իր վճռականությունը՝ նշելով, որ շարունակելու է հետևողական պայքարը Ալեքսան Ալեքսանյանի ամբողջական արդարացման և երկրում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար: