«Արցախ TV»-ն ներկայիս կազմով դադարեցնում է գործունեությունը
30 Սեպտեմբերի 2026, 20:15
«Արցախ TV» հեռուստաընկերությունը ներկայիս աշխատակազմով դադարեցնում է իր գործունեությունը: Արցախի կառավարության որոշմամբ՝ «Արցախ TV» անվանման և հարթակի կիրառման իրավասությունը կփոխանցվի այլ հասարակական կազմակերպության: Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հրայր Ավետիսյանը։
Նրա փոխանցմամբ՝ հեռուստաընկերությունից հեռանում է ամբողջ ստեղծագործական ու տեխնիկական կազմը, այդ թվում՝ Արմինե Հայրիյանը, Նորայր Հովսեփյանը, Արմինե Պետրոսյանը, Գայանե Մելքումյանը, Ծովինար Բարխուդարյանը, Տիգրան Գասպարյանը, Արսեն Եսայանը և Կարեն Պետրոսյանը:
«Երկու տարի առաջ, երբ շատերին թվում էր, թե ամեն ինչ ավարտված է, մենք որոշեցինք շարունակել աշխատանքը և թույլ չտալ, որ արցախցիների ձայնը խլացվի։ Այսօր ստիպված ենք հայտարարել գործունեության դադարեցման մասին, սակայն այս որոշումը մենք չենք կայացրել»,- նշել է Ավետիսյանը։
Հեռուստաընկերության տնօրենը շնորհակալություն է հայտնել հայրենակիցներին դժվարին ժամանակահատվածում ցուցաբերած աջակցության համար՝ ընդգծելով, որ հաճախ առանց տեխնիկական ու ֆինանսական բավարար միջոցների փորձել են անել հնարավորը՝ արցախցիների հեռուստատեսությունը մնալու համար: