ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆ | 2025. Ի՞ՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ | ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ
18 Հունվարի 2025, 20:00
«2025. Ի՞նչ է լինելու. Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ» նախագծի շրջանակում Alpha News-ը զրուցել է քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանի հետ:
Նրա համոզմամբ, Ադրբեջանը մտադիր չէ Հայաստանի հետ այսպես կոչված խաղաղության պայմանագիր կնքել: Աբովյանի գնահատմամբ, այդ փաստաթուղթը Հայաստանի կազմաքանդման մասին է, ոչ թե խաղաղության հաստատման:
«Չկա խաղաղության պայմանագիր, կա Հայաստանի ապամոնտաժման ճանապարհային քարտեզ, որը համաձայնեցման փուլում է Երևանի ու Բաքվի միջև:
Այսօր Ադրբեջանն իմաստ չունի ստորագրել ինչ-որ բան, որովհետև ինչ ուզում՝ ստանում է, առանց ստորագրելու: Ինչի՞ համար ինքը պետք է Հայաստանի կազմաքանդման գործընթացը ինչ-որ սահմանափակումների մեջ մտցնի, երբ այսօր գործում է որպես ազատ «նկարիչ», Հայաստանի իշխանությունը ծայրից ծայր կատարում է Ադրբեջանի պահանջները»,- ասում է Արման Աբովյանը:
Ըստ քաղաքական վերլուծաբանի, Հայաստանը հիմա էլ պատրաստ է Ադրբեջանին ու Թուրքիային հանձնել Սյունիքով անցնող ճանապարհը, որը նրանք անվանում են «Զանգեզուրի միջանցք», բայց խանգարող հանգամանք կա:
«Եթե այդ միջանցք կոչվածը հանձնում են թուրքերին ու ադրբեջանցիներին, ապա հակադրվում են Մոսկվային ու Թեհրանին, ինչից վախենում է Հայաստանի իշխանությունը, որովհետև հասկացել են, որ իրենց բոլորը գցելու են, Արևմուտքն էլ: Սիրիայում տեղի ունեցածից հետո հնարավոր է, որ այդ միջանցքը հանձնվի Հայաստանի իշխանության կողմից իրական գործողություներ չկատարելու պատճառով: Հարց. ինչո՞ւ Ռուսաստանի հյուպատոսությունը մինչև այս պահը չի բացվել Սյունիքում, մանավանդ, որ իշխանությունը խոստացել էր դա: Ինչի՞ համար Սյունիքից դուրս բերվեց ռուսական ռազմական հենակետը: Ինչի՞ է այս իշխանությունը դիտարկում Սյունիքով Ադրբեջանի ու Թուրքիայի հաղորդակցվելը, բայց չի դիտարկում Հայաստանի ու պայմանական ասած՝ Ադրբեջանի տարածքով ինչ-որ մի տեղի հաղորդակցությունը: Նկատե՞լ եք, որ այդ դիսկուրսը դուրս է եկել, այսինքն՝ իշխանությունը հոգնել է մարդկանց մեսիջ տալ, որ այո, իրենք համաձայն են, պարզապես եթե վերահսկողությունը տան թուրքերին, ապա Իրանը կըմբոստանա, եթե տան ռուսներին, ԱՄՆ-ն կըմբոստանա, կամ հակառակը, բայց ինչո՞ւ մենք ինչ-որ մեկին պետք է ինչ-որ բան տանք»,- նշում է քաղաքագետը:
Արման Աբովյանի կարծիքով, Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորը Թուրքիան է:
«Փաշինյանի իշխանությունը արևմտամետ, ռուսամետ չի, իրենք թրքամետ ու ադրբեջանամետ են, սրբորեն համոզված լինելով, որ երբ իրենք դադարեն լինել էթնոքաղաքական գործոն, էլ վտանգ չեն ներկայացնի: Մինչդեռ մենք չենք վտանգ ներկայացնում թուրքերի համար, այլ թուրքերն են մեզ համար վտանգ ներկայացնում: Զգո՞ւմ եք, թե այս իշխանությունը ինչ նենգ փոփոխություն է փորձում անել, այն դեպքում, երբ մեզ թուրքերը կոտորել են: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ից փաստաթղթերով դուրս գալուն, ապա դա չեն անում, որովհետև ՀԱՊԿ-ն ուղիղ կապ ունի ԵԱՏՄ-ի հետ, ԵԱՏՄ-ն էլ ուղիղ կապ ունի ՀՀ-ի տնտեսության գոյության հետ: Քանի որ սրանց Արևմուտքը գցել է, չի տվել տնտեսական արտոնություններ, ու իրենք ուրիշ տեղից չեն կարող ապահովել այդ փողը, որը հիմա ունեն, չեն դիմում նման կտրուկ քայլի»,- ընդգծում է քաղաքագետը:
Մանրամասները՝ տեսանյութում: