Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

ԱՐԹՈՒՐ ԽԱՉԻԿՅԱՆ | 2024. Ի՞ՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ | ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ

20 Փետրվարի 2024, 22:00

«Ալիեւը հիմա ուժեղ է, նա կարող է ձգձգել խաղաղության պայմանագրի կնքումը, մինչեւ բարենպաստ պահ լինի եւ ուժով վերցնի Սյունիքը, ու միջազգային հանրությունը ոչինչ չի անի»:

Ի՞նչ զարգացումներ կլինեն 2024-ին Արցախի շուրջ, հնարավո՞ր է արդյոք հայերի վերադարձն իրենց ծննդավայր, ո՞ր ուղղությամբ է գնում Հայաստանը, կկնքվի՞ արդյոք խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, ի՞նչ փոփոխություններ կլինեն աշխարհում եւ ինչպիսի՞ն է լինելու նոր աշխարհակարգը:

Այս եւ այլ հարցերի մասին Alpha News-ը «2024. ի՞նչ է լինելու» հաղորդաշարի շրջանակում զրուցել է ԱՄՆ-ի Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի հետ:

Հայաստանն ըստ նրա՝ պետք է միջազգային հանրության՝ Արցախում էթնիկ զտումների փաստն ընդունելուն եւ Ադրբեջանի դեմ ճնշումներ գործադրելուն հասնի։

«Եվրոպան, սակայն, չի առճակատվելու Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, ճնշում չի գործադրելու, քանի որ Գերմանիայում, Միացյալ Նահանգներում ուժեղ ադրբեջանական լոբբի կա, որին իր հերթին օգնում է իսրայելական լոբբին: Այդուհանդերձ, կարծում եմ, որ եթե ճանաչվի էթնիկ զտումների փաստը, ապա ինչ-որ երաշխիքներ կստեղծվեն, որ հայերը վերադառնան Արցախ: Ռուսաստանին դա հիմք կտա, որ իրենց խաղաղապահներն այնտեղ մնան: Այս իշխանությունները հենց այդ պատճառով էին ուզում ազատվել Արցախից, որ Ռուսաստանը դուրս գա այս տարածաշրջանից»,- նշեց Խաչիկյանը:

Քաղաքագետը չի բացառում, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ այս տարի խաղաղության պայմանագիր կկնքվի, որը, սակայն, Ադրբեջանը կարող է խախտել, ինչպես խախտեց 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը:

«Պետք է հետեւել ուժերի հարաբերակցությանը, Ալիեւը հիմա ուժեղ է: Նա կարող է ձգձգել պայմանագրի կնքումը, մինչեւ բարենպաստ պահ լինի եւ ուժով վերցնի Սյունիքը, ու միջազգային հանրությունը ոչինչ չի անի, մանավանդ, եթե այստեղ շարունակվի լայնածավալ պատերազմը, կամ էլ կարող է ստորագրել այդ պայմանագիրը եւ հետո խախտել: Պայմանագիրը երաշխիք չի տալիս, որ մենք պաշտպանված ենք ինչ-որ բանից: Կնքված խաղաղության պայմանագիրը հերթական կապիտուլյացիան է լինելու»,- նշեց Արթուր Խաչիկյանը:

Նա կարծում է, որ ռուս-ուկրաինական պատերազմն այս տարվա ընթացքում կշարունակվի: Եթե Միացյալ Նահանգներում նախագահ ընտրվի Թրամփը, ապա ըստ Խաչիկյանի՝ Ուկրաինային տրամադրվող ֆինանսական աջակցությունը կսահմանափակվի:

«Նա հակված է ԱՄՆ-ի միջոցները օգտագործել հենց Միացյալ Նահանգներում: Չնայած, արդեն սահմանափակվել են Ուկրաինային տրվող միջոցները, բայց Եվրոպան փորձում է դրա տեղը հատուցել եւ ավելի մեծ միջոցներ տրամադրել Ուկրաինային, թե ինչքան կտեւի դա՝ չգիտեմ»,- հավելեց Խաչիկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հիմա եթերում