Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի

19 Ապրիլի 2024, 12:30

 

(Տարածաշրջանը «կանգ է առել» նոր պայթյունի ակնկալիքով)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․

Մեր նախորդ վերլուծություններում մենք ստիպված էինք ասել, որ Արցախի իշխանությունները 2023 թվականի հոկտեմբերից հետո բացարձակապես ոչինչ չարեցին, որպեսզի Ղարաբաղի հարցը չփակվի։

Ինչպես Արցախի շրջափակման սկզբում պաշտոնական Ստեփանակերտի ներկայացուցիչները հավատարիմ մնացին այն տեսակետին, որ «Արցախը չպետք է ներքաշվի Հայաստանի ներքաղաքական գործընթացներում» թեզի շրջանակներում (թեև բոլորը հիանալի հասկանում էին, որ Լաչինի միջանցքի շրջափակումը մի խնդիր է. քաղաքական խնդիր և պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի քաղաքական դիրքորոշմամբ, ըստ որի՝ Արցախը Ադրբեջան է), այնպես էր էթնիկ զտումից հետո Արցախի «քաղաքական վերնախավը» որոշեց հնարավորինս դուրս գալ հայկական քաղաքականությունից։

Էթնիկ զտումից հետո կես տարի շարունակ ոչ մի լիարժեք հանրահավաք՝ քաղաքական պահանջներով ՀՀ իշխանություններին, ոչ մի հանրահավաք ՌԴ դեսպանատան դիմաց՝ խնդրանքով/պահանջով հայերի վերադարձը Արցախ կազմակերպելու համար: Չգիտես ինչու, «Արցախի վերնախավում» ինչ-որ մեկը ձևավորեց այն տեսակետը, ըստ որի՝ հայերի վերադարձին կարելի է է հասնել Արևմուտքի շնորհիվ, թեև Շ. Միշելի և Է.Մակրոնի հովանավորությամբ արևմտյան բանակցային հարթակում էր, պր Արցախը հանձնվեց Ադրբեջանին.
Ըստ երեւույթին ավելի կարեւոր էր հարցազրույց տալ Le Figaro-ին…

Նույնիսկ այս իրավիճակում հիմնական շահագրգիռ կողմը (Արցախից փախստականները) քաղաքական որևէ քայլ չձեռնարկեց, որպեսզի խաղաղապահների Արցախում մնալն իմաստ ունենա։ Նման իրավիճակում արտաքին գործոնները սկսեցին գերիշխող դեր խաղալ խաղաղապահների դուրսբերման որոշման կայացման գործում։ Ավելին, գործոնները շատ հակասական էին։
Ի՞նչ գործոնների մասին է խոսքը։

1. 2024 թվականի ապրիլի 4-ին հայտնի դարձավ, որ ռուս խաղաղապահները մասնակցելու են Ղարաբաղի տարածքի ականազերծմանը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ականազերծման գործակալության ղեկավար Վուգար Սուլեյմանովը։
Սուլեյմանովը նաեւ հայտարարել է, որ այս գործընթացը հավատարմագրման փուլում է։

2. Իրանը ապրիլի լույս 14-ի գիշերն առաջին անգամ ուղիղ հարձակում գործեց Իսրայելի վրա իր տարածքից, այլ ոչ թե «տարածաշրջանային պրոքսիներից»՝ Եմենի ապստամբներ Անսար Ալլահի ( Հութիների) օգնությամբ կամ Լիբանանի «Հեզբոլլահ» խմբավորման միջոցով, թեև Իրանին աջակցում էին հութիների և «Հեզբոլլահը»:
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերը ռազմական օգնություն էին ցուցաբերել Իսրայելին հարձակումը հետ մղելու համար։ Ինչպես հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարությունը, ավելի քան 100 իրանական անօդաչու թռչող սարքեր են որսացել Իսրայելի սահմաններից դուրս։ Անօդաչու սարքերի մի մասը ոչնչացվել է ամերիկյան և բրիտանական կործանիչների կողմից։
3. Ըստ իսրայելական մամուլի՝ պաշտոնական Թել Ավիվն ուսումնասիրել է երկուշաբթի՝ ապրիլի 15-ի երեկոյան Իրանի դեմ պատասխան հարված հասցնելու հնարավորությունը, սակայն որոշել է հետաձգել հարձակումը։
Սակայն ավելի ուշ տեղեկություններ սկսեցին հայտնվել, որ Իսրայելը կարող է հարվածել ինչպես Իրանի ներսում գտնվող միջուկային օբյեկտներին, այնպես էլ իրանական բազաներին, այդ թվում՝ Սիրիայում:

4. Ապրիլի 16-ին իրանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի միջև։
Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ բոլոր կողմերը ողջամիտ զսպվածություն կցուցաբերեն և թույլ չեն տա առճակատման նոր փուլ՝ հղի ողջ տարածաշրջանի համար աղետալի հետևանքներով։
Իր հերթին Էբրահիմ Ռաիսին նշել է, որ Իրանի գործողությունները կրել են հարկադիր և սահմանափակ բնույթ։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է Թեհրանի անտարբերությունը լարվածության հետագա սրման նկատմամբ։

5. Ապրիլի 16-ին եկան առաջին տեղեկությունները, որ ռուս խաղաղապահները հեռանում են Արցախից։

6. Արդեն ապրիլի 17-ին The Wall Street Journal-ը գրել էր, որ Իրանի իշխանությունները սկսել են տարհանել իրենց անձնակազմին Սիրիայում գտնվող օբյեկտներից, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) բարձրաստիճան սպաներից:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարը նաև նշել է, որ Իրանը որոշել է, թե որտեղ են գտնվում Իսրայելի միջուկային օբյեկտները և պատրաստ է հրթիռային հարված հասցնել դրանց, եթե Թել Ավիվը պատասխանի ապրիլի 13-14-ի գիշերային հարձակմանը:

Իրանական մամուլը սկսեց բացեիբաց խոսել այն մասին, որ Ադրբեջանի իշխանություններն իրենց երկիրը վերածել են Իրանի վրա Իսրայելի հարձակումների ցատկահարթակի։
Վերլուծելով անցած շաբաթվա իրադարձությունների ընթացքը՝ կարող ենք գալ այն եզրակացության, որ խաղաղապահները դուրս են բերվել Ադրբեջանի տարածքում իսրայելական օբյեկտներին Իրանի հնարավոր հարվածի գոտուց։

Տարածաշրջանը «կանգ է առել» նոր պայթյունի ակնկալիքով… Ըստ ամենայնի, հենց դա է քննարկել Նիկոլ Փաշինյանը երկրի մի շարք պաշտոնյաների հետ անցած շաբաթ ՀՀ Անվտանգության խորհրդի հրատապ նիստում։

Անշուշտ, տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը կարող էր տարբեր լինել։ Բայց դրա համար անհրաժեշտ էր, որ գործեր Հայաստանի և Արցախի անվտանգության միասնական համակարգը, շարունակեր գործել ԼՂՀ պաշտպանության բանակը, և դրան անհնար էր հասնել առանց Արցախում հայերի բնակության։

Արցախ չկա, և կարող է պատերազմ գալ տարածաշրջան, որի անալոգները տարածաշրջանը դարեր շարունակ չէր տեսել…
Մտածե՛ք այդ մասին…