Երևանում փորձում են ձերբակալել գործարար Սամվել Կարապետյանին
17 Հունիսի 2025, 18:06

Alpha News-ի տեղեկություններով՝ Երևանում՝ Ուլնեցի փողոցում փորձում են ձերբակալել բարեգործ, գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին։
Ըստ տեղեկությունների՝ հատուկջոկատայիններն այս պահին խուզարկություններ են իրականացնում գործարար Սամվել Կարապետյանի Երևանում գտնվող տանը։
Alpha News-ի նկարահանող խումբը գնացել է դեպքի վայր:
Ընդգծենք, որ այսօր Սամվել Կարապետյանը խոսել էր վերջին շրջանում եկեղեցու և Վեհափառ հայրապետի դեմ իշխանությունների սկսած գրոհի մասին և աջակցություն հայտնել եկեղեցուն:
Հարցին, թե ինչ գնահատականներ կարող է տալ այս ամենին, գործարարը նշել էր. «Ինչ կարծիք պետք է ունենամ․ մի փոքր խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու և հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն: Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»: