Քիմիկոս և վերականգնող․ հանճարը Շուշիից՝ Իվան Կնունյանց
04 Հունիսի 2025, 22:00

Կնունյանցներն Արցախի հայտնի գերդաստաններից են: Նրանցից առավել հայտնի են Բոգդան և Լյուդվիգ Կնունյանց եղբայրները: Վերջինիս ընտանիքում է ծնվել ականավոր քիմիկոս Իվան Կնունյանցը։
Իվան Կնունյանցը ծնվել է 1906 թ․ հունիսի 4-ին Արցախի Շուշի քաղաքում։ Մանկությունն անցել է Գրոզնիում, որտեղ նա վաղ տարիքից հետաքրքրություն է ցուցաբերել գիտության նկատմամբ։
1923 թ․ ավարտել է դպրոցը և ընդունվել Մոսկվայի Բաումանի բարձրագույն տեխնիկական ուսումնարանում, որտեղ ուսումնասիրել է քիմիա և նավթի վերամշակման տեխնոլոգիա: Ավարտելուց հետո Կնունյանցն աշխատանքի է անցել ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի լաբորատորիաներում, որտեղ իրեն դրսևորել է իրեն որպես տաղանդավոր հետազոտող։ Նրա գիտական հետաքրքրություններն ընդգրկում էին քիմիայի լայն շրջանակ՝ օրգանական սինթեզից մինչև նոր նյութերի մշակում։
Իվան Կնունյանցը ֆտորօրգանական միացությունների քիմիայի հիմնադիրն է ԽՍՀՄ-ում։ 1930-ականներին նա մշակել է հակամալարիայի դեղամիջոցների, այդ թվում՝ ակրիխինի սինթեզման մեթոդներ, ինչը կարևոր ներդրում էր բժշկության մեջ։ Հայրենականի մեծ պատերազմի ժամանակ նա զբաղվում էր ռազմական թունավոր նյութերի դեմ հակաթույների ստեղծմամբ, ինչը օգնում էր պաշտպանել զինվորներին քիմիական զենքից։
1944 թ․ Զ. Ա. Ռոգովինի հետ մշակել է կապրոնի արտադրության մեթոդ, որը հիմք է դարձել սինթետիկ մանրաթելերի արտադրության համար։
1950-ականներին Կնունյանցն առաջարկել է հակաքաղցկեղային մի շարք դեղամիջոցներ, այդ թվում՝ պաֆենցիլը, որը կարևոր քայլ էր դեղագործության զարգացման գործում։
Իվան Կնունյանցն իր կյանքը նվիրել է ոչ միայն քիմիային, այլև հետաքրքրվել է գեղանկարչությամբ, ինչպես նաև 16-19-րդ դարերի արվեստի գործերի վերականգնմամբ ։ 1963 թ․ Լենինգրադի մերձակա անտառներով ճամփորդելիս նա պատահաբար հայտնվել է անտառապահի տանը, ով նրան հրավիրել է թեյի։ Թեյի ժամանակ Կնունյանցը նկատել է մի հին, սևացած փայտե սեղան, որի վրա թեյնիկն էր դրվում։ Առաջին հայացքից դա սովորական տախտակ էր, բայց քիմիկոսը ենթադրել է, որ կեղտի շերտերի հետևում կարող է ինչ-որ արժեքավոր բան թաքնված լինել։ Անտառապահին խնդրելով իրեն տալ այդ սևացած տախտակի կտորը՝ Կնունյանցը վերցրել է այն և մի քանի ամիս իր պատրաստած հատուկ լուծիչներով մշակել է։ Պարզվել է, որ դա 17-րդ դարի հոլանդացի նկարիչ Յորիս վան Սոնի նատյուրմորտներից մեկն է, որը կորած էր համարվում։
Կնունյանցի քրտնաջան աշխատանքի շնորհիվ վերականգնվել են նաև այլ գլուխգործոցներ, այդ թվում՝ 16-րդ դարի իտալացի նկարիչ Սանտի Դի Տիտոյի «Տիրամայրը մանկան հետ», Ջովանի Ֆրանչեսկո Գվերչինոյի (1591-1666 թթ.) «Ծերունին և երիտասարդը» և ֆրանսիացի նկարիչ Պիեռ Պոլ Պրյուդոնի (1758-1823 թթ․) «Կնոջ դիմանկարը»։ Այս դրվագն ակնհայտորեն ցույց է տալիս Կնունյանցի անհավանական խորաթափանցությունը և նրա տաղանդի բազմակողմանիությունը․ նրա գիտական մոտեցումը թույլ է տվել նրան ոչ միայն հայտնագործություններ անել քիմիայում, այլև աշխարհին վերադարձնել կորսված արվեստի գործերը:
Իվան Կնունյանցը մահացել է 1990 թ․ դեկտեմբերի 21-ին Մոսկվայում՝ թողնելով հարուստ գիտական ժառանգություն։ Նրա հայտնագործությունները շարունակում են օգտագործվել բժշկության, արդյունաբերության և քիմիական գիտության մեջ։