ՌԴ-ի նման երկրների հետ այդպես չեն խոսում․ Ռոբերտ Քոչարյան

27 Մայիսի 2026, 11:26

Քաղաքականություն

Ակնհայտ է, որ Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին և Եվրամիությանն անհամատեղելի է։ Այս մասին Մեղրիում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

«Սա ընդունում է նաև ՀՀ իշխանությունը։ Բայց ի՞նչ են նրանք ասում․ ասում են՝ մենք բռնել ենք այս ճանապարհը, դուք սպասեք, երբ հասկանանք, որ պատրաստ ենք, ձեզ կասենք։ Ռուսաստանի նման խոշոր երկրների հետ այսպես չեն խոսում»,- նշել է ՀՀ երկրորդ նախագահը։

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ յուրաքանչյուր գերպետություն ունի աշխարհաքաղաքական շահեր, և իր հարաբերությունները համադրում է այդ շահերի հետ։

«Նայեք ԱՄՆ-ի քաղաքականությունն ինչպիսին է Չինաստանի, Կանադայի, Մեքսիկայի նկատմամբ։ ԱՄՆ-ն անընդհատ փորձում է իր ուժը ցույց տալ։ Այդ տեսանկյունից ՌԴ-ն չափազանց համբերատար է։ Սակայն մոտեցումը հետևյալն է․ եթե դու բարեկամ երկիր ես, քեզ հետ մեկ այլ առևտրային ռեժիմի մեջ են, եթե դուրս ես գալիս այդ բարեկամ երկրի կարգավիճակից և գնում ես ՌԴ-ի հետ թշնամական երկրներ, ուրեմն կարող ես այլ ռեժիմների մեջ հայտնվել»,- ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը։