ՌԴ սահմանափակումները կարող են հարվածել գյուղատնտեսությամբ զբաղվող 300 հազար ՀՀ քաղաքացու․ Մնացականյան
19 Հունիսի 2026, 22:40
Հաշվի առնելով այն, որ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում ներառված են 300,000 քաղաքացիներ՝ ՌԴ-ի կողմից գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ կիրառվող սահմանափակումները կարող են ունենալ զգալի բացասական ազդեցություն նրանց համար։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է գործարար, գյուղատնտես Հարություն Մնացականյանը։
«Նիկոլ Փախինյանն 8 տարի է, ինչ խոսում է Եվրոպային ինտեգրվելու մասին, բայց Հայաստանից գյուղմթերքի արտահանման կախվածությունը Ռուսաստանից չի նվազել։ Այսօր էլ ՀՀ գյուղմթերքի արտահանման մինչև 80%-ը գնում է ՌԴ»,- նշել է Մնացականյանը։
Նրա խոսքով՝ Եվրոպական շուկայում որևէ առևտրային ցանցի հետ աշխատելու համար անհրաժեշտ են մթերքների անհրաժեշտ ծավալներ՝ պայմանագիր կնքելու համար։
«Որևէ առևտրային ցանցի հետ աշխատելու համար անհրաժեշտ է ունենալ ապրանքային հետագծելիություն՝ չհաշված այն բարձիթողի գյուղատնտեսական իրավիճակը, որը կա Հայաստանում։ Մեր գյուղատնտեսական արտադրանքի լաբորատոր հետազոտությունների արդյունքներով մենք չենք կարող մտնել ԵՄ, մինչդեռ ՌԴ-ն աչք է փակում այդ ամենի վրա»,- հավելել է Հարություն Մնացականյանը։