Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ԿԸՀ-ի
20 Հունիսի 2026, 12:22
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի։ Ռոբերտ Քոչարյանը հայցադիմումով վիճարկում է ԿԸՀ որոշումը։ Ըստ ամենայնի, խոսքը հունիսի 17-ին Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության մասին ԿԸՀ որոշման մասին է։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ հայցը դատարան մուտքագրվել է երեկ երեկոյան և մակագրվել դատավոր Գրիգոր Առաքելյանին։ Դեռևս առկա չէ որոշում՝ հայցը վարույթ ընդունելու մասին։
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական հետապնդում է հարուցվել՝ 22 տարի առաջ կառավարության որոշումը հաստատելու վերաբերյալ գործով։ Մասնավորապես, խոսքը 2004թ․ կատարված մի գործարքի մասին է, որը հաստատել է ՀՀ կառավարությունը, որոշումը որևէ կերպ չի վիճարկվել, տարիներ անց, երբ Ռոբերտ Քոչարյանն արդեն որևէ պաշտոն չէր զբաղեցնում, նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը, տվյալ ընկերությունում բաժնեմաս է գնել՝ բավականին մեծ գումար վճարելով։ Այժմ դա փորձում են ինչ-որ կերպ կապել 2004թ․ գործարքի հետ։ Խոսքը «Մաստեր կլաս» թենիսի տարածքի մասին է` «Օրանժ ֆիտնես» ակումբի հարևանությամբ։ Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում ընդգծել էր, որ այս գործընթացում որևէ կրիմինալ չկա, իրականում առուվաճառքի պայմանագիր չկա, վարձակալություն է, ներդրումային ծրագրի մասին է խոսքը, քրեական գործն արհեստական է՝ հնարված։