Ռուս զինվորականները զսպում են Հարավային Կովկասում իրավիճակի սրման վտանգը․ Ալեքսեյ Լեոնկով

26 Նոյեմբերի 2026, 22:40

Կարծիք | Քաղաքականություն

Ռազմական վերլուծաբան Ալեքսեյ Լեոնկովը Alpha News-ին մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ Հայաստանում ռուսական սահմանապահ ծառայության գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ։

«Հայաստանի սահմանին ռուս սահմանապահների ներկայությունը և Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի գործունեությունը կարգավորվում են Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված պայմանագրերով։ Դրանցով ռուսական զինուժի տեղակայման ժամկետը սահմանափակված չէ։ Սակայն պետք է հասկանալ, որ պայմանագրով նախատեսված է նաև, որ կողմերից մեկը կարող է դադարեցնել Հայաստանում ռուս զինծառայողների ներկայությունը։ Եվ այդ կողմը, բնականաբար, հենց Հայաստանն է։

Ակնհայտ է, որ Փաշինյանն այս քայլին կդիմի միայն այն դեպքում, եթե Հայաստանի ազգային անվտանգության ապահովման հարցում ամուր երաշխիքներ ստանա, օրինակ՝ Եվրամիության կողմից, կամ ռուս զինծառայողներին փոխարինող ուժ գտնի։ Նրանց կարող են փոխարինել, օրինակ, ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչները, որոնք վաղուց են երազում այնտեղ այս կամ այն տեսակի ռազմաբազաներ կամ ռազմական կենտրոններ ստեղծելու մասին»,– ասել է Լեոնկովը։

Փորձագետի խոսքով՝ ռուս զինծառայողները զսպող գործոնի դեր են կատարում և հնարավորություն տալիս կարգավորելու իրավիճակը Հարավային Կովկասում։ Վերլուծաբանի կարծիքով՝ նրանց հեռանալը կարող է հանգեցնել նրան, որ Իրանը քայլեր ձեռնարկի հյուսիսից իրեն սպառնացող վտանգը չեզոքացնելու ուղղությամբ։

«Բանն այն է, որ Ադրբեջանի և Թուրքիայի, ինչպես նաև նրանց թիկունքում կանգնած եվրոպական երկրների կողմից անվտանգության վերաբերյալ հնչող խոստումների հետևում թաքնված է Իրանից բխող վտանգը։ Թեհրանը հասկանում է, որ իր հյուսիսային սահմանների ուղղությամբ ձևավորվում է որոշակի ռազմական ճակատ՝ ԱՄՆ-ի և Իսրայելի մշակած «Երկաթե դարպասներ» ռազմավարության շրջանակում։

Ռուսաստանը զսպող գործոն էր։ Այսինքն՝ ռուս զինծառայողների ներկայությունը որոշակի հնարավորություն էր տալիս կարգավորելու Հարավային Կովկասում ներկայումս ձևավորվող այս բարդ իրավիճակը։ Եթե ռուս զինծառայողները լքեն Հայաստանի տարածքը, ապա, կարծում եմ, այլևս ոչինչ չի զսպի Իրանին՝ հյուսիսից իրեն սպառնացող վտանգը վերացնելու համար»,- եզրափակել է Լեոնկովը։

Հիմա եթերում