Ռուսաստանը չի պատրաստվում վճարել Հայաստանի՝ դեպի ԵՄ տանող ճանապարհի համար․ Զախարովա

04 Հունիսի 2026, 14:58

Քաղաքականություն

Մոսկվան չի պատրաստվում վճարել Երևանի՝ դեպի Եվրամիություն տանող ճանապարհի համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (ՊՄԵՀ) շրջանակում անցկացված ճեպազրույցի ժամանակ։

«Առավել ևս մենք չենք պատրաստվում վճարել դեպի Եվրամիություն տանող ճանապարհի համար։ Այդ միությունը վարում է բացահայտ թշնամական քաղաքականություն ինչպես մեր երկրի, այնպես էլ այլ պետությունների նկատմամբ և աջակցում է Կիևի «ահաբեկիչներին»։ Ոչ միայն աջակցում է, այլ ֆինանսավորում է»,- նշել է Զախարովան։

Դիվանագետն ընդգծել է, որ Հայաստանի համար անհնար է միաժամանակ մնալ ԵԱՏՄ-ում և ձգտել ԵՄ։

«Մենք լսել ենք բառախաղեր ՀԱՊԿ-ի վերաբերյալ, թե իբր ՀԱՊԿ-ն է դուրս եկել Հայաստանից։ Բայց այստեղ արդեն չհաջողվեց նման ձևակերպումներ հորինել․ ԵԱՏՄ-ն Հայաստանից դուրս չի եկել»,- ասել է նա։

Զախարովայի խոսքով՝ նման մոտեցումը, երբ Երևանը փորձում է «նստել երկու աթոռի վրա», ոչ ոքի չի բավարարում։

«Ի վերջո նրանք, ովքեր այս խառնաշփոթը ստեղծել են, ստիպված կլինեն կողմնորոշվել։ Ընտրական գործընթացն այստեղ որևէ կապ չունի․ սա քաղաքական կուրսի հստակ ընտրության հարց է»,- եզրափակել է նա։