Ռուսաստանը Հայաստանից արտաքին քաղաքականության հարցում հստակություն կպահանջի․ Դմիտրի Սուսլով
12 Հոկտեմբերի 2026, 23:30
Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի Համաշխարհային տնտեսության և միջազգային քաղաքականության ֆակուլտետի եվրոպական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Դմիտրի Սուսլովը Alpha News-ին մեկնաբանել է հայ-ռուսական հարաբերությունները և Մոսկվայի մոտեցումները Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը։
«Ստեղծված պայմաններում Ռուսաստանը պարզապես չի զիջի իր դիրքերը և չի հրաժարվի այն բիզնեսներից ու տնտեսական ծրագրերից, որոնք ունի Հայաստանում։ Հայաստանը շարունակում է մնալ Եվրասիական տնտեսական միության անդամ, իսկ նրա տարածքում՝ Գյումրիում, շարունակում է տեղակայված մնալ ռուսական ռազմաբազան։
Նույնիսկ եթե ենթադրենք, որ Փաշինյանի կառավարությունը կշարունակի վերակողմնորոշվել դեպի Եվրամիություն, Ռուսաստանն այս պայմաններում սեփական նախաձեռնությամբ չի հրաժարվի իր դիրքերից։ Նույնը վերաբերում է նաև անվտանգության հարցերին»,- նշել է քաղաքագետը։
Դմիտրի Սուսլովի խոսքով՝ Ռուսաստանը ելնում է այն ընկալումից կամ հույս ունի, որ Հայաստանի իշխանությունների ներկայիս քաղաքականությունը ժամանակավոր բնույթ է կրում։
«Ռուսաստանն իր նախաձեռնությամբ հանկարծակի և առանց որևէ պատճառի դուրս չի բերի ռազմաբազան։ Այն չի հրաժարվի Հայաստանի հետ ատոմային էներգետիկայի և ատոմակայանի կառուցման ոլորտներում համագործակցությունից, չի հրաժարվի Հայաստանի երկաթուղիների կառավարման կոնցեսիայից և այլն։
Այսինքն՝ Ռուսաստանը ցանկանում է շարունակել պահպանել Հայաստանում իր ունեցած դիրքերը։ Ընդ որում՝ Ռուսաստանը ելնում է այն ընկալումից կամ առնվազն հույս ունի, որ Հայաստանի իշխանությունների՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության ներկայիս քաղաքականությունը ժամանակավոր բնույթ է կրում, և արտաքին քաղաքական այդ կուրսը հնարավոր է փոխել։ Հենց այդ պատճառով էլ Ռուսաստանը շարունակում է Հայաստանից հստակություն պահանջել», — ընդգծել է Սուսլովը։