Սա պետք է դիտարկել որպես կատաղի քաղաքական պայքարի մաս. Անդրեյ Կորտունովը՝ Սամվել Կարապետյանի կալանավորման մասին
18 Հունիսի 2025, 16:27
Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի գիտական ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Անդրեյ Կորտունովը «Ռուս-իրանական համագործակցությունը փոփոխվող աշխարհում» III միջազգային գիտագործնական համաժողովի շրջանակներում Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ իշխանությունների կողմից հայտնի գործարար և բարերար Սամվել Կարապետյանի կալանավորմանը՝ հայոց եկեղեցուն աջակցելու մասին նրա խոսքերից հետո։
«Սա պետք է դիտարկել որպես շատ կատաղի քաղաքական պայքարի մի մաս, որը ներկայումս տեղի է ունենում Հայաստանում, այդ թվում՝ կրոնական հարցերի շուրջ։ Հասկանալի է, որ Հայաստանում եկեղեցին կարևոր գործոն է ոչ միայն հասարակական կյանքում, այլև ինչ-որ առումով քաղաքական կյանքում։ Մենք տեսել ենք դեպքեր, երբ նշանավոր գործիչներ հանդես են եկել որպես ընդդիմադիր և զգալի աջակցություն են ստացել, ուստի այս հարցի զգայունությունը Հայաստանի ղեկավարության համար հասկանալի է և բացատրելի»,-նշել է Կորտունովը:
Փորձագետը նշել է, որ խոսքը ՌԴ քաղաքացու մասին է, ուստի սա խնդիր է դառնում նաև ռուս-հայկական հարաբերությունների համար։
«Իհարկե, այս դեպքում իրավիճակը բարդանում է նրանով, որ խոսքը ՌԴ քաղաքացու մասին է, և դա խնդիր է դառնում նաև ռուս-հայկական հարաբերությունների համար: Բայց քանի որ կողմերից ոչ մեկը շահագրգռված չէ լարվածության սրմամբ, հուսով եմ, որ այս միջադեպը կլուծվի այնպես, որ լրացուցիչ խնդիրներ չեն ստեղծվի մեր հարաբերությունների համար»,-ասել է Կորտունովը: