«Սպուտնիկ Ադրբեջան»-ի գործունեությունը շարունակելու պայմաններ չկան. Դմիտրի Կիսելյով
03 Հուլիսի 2025, 17:20

Բաքվում «Սպուտնիկ Ադրբեջան»-ի գործունեությունը շարունակելու պայմաններ չկան: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է «Россия сегодня» մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը։
«Ցավով ստիպված ենք արձանագրել, որ այսօր այդ երկրում «Սպուտնիկ Ադրբեջան»-ի գործունեությունը շարունակելու համար պայմաններ չկան։ Իր գործունեության բոլոր տարիների ընթացքում մեր գործակալության գործունեությունն ուղղված է եղել մեր ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը, իսկ խմբագրական քաղաքականությունն ամբողջությամբ նվիրված է եղել Ադրբեջանի և Ռուսաստանի միջև համագործակցության զարգացմանը», — ասել է նա։
Կիսելյովը մեդիախմբի աշխատակիցների հասցեին մեղադրանքներն անվանել է անհիմն և ընդգծել, որ նրանք ձերբակալվել են մտացածին պատրվակով:
«Մեր կողմից բոլոր հասանելի միջոցներով կապահովենք մեր լրագրողների իրավական պաշտպանությունը», — հավելել է «Россия сегодня»-ի գլխավոր տնօրենը:
Հիշեցնենք, որ հունիսի 30-ին Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտարարել էր Բաքվում «Սպուտնիկ Ադրբեջան»-ի գրասենյակում «գործողություն» իրականացնելու մասին։ Մոսկվայի «Սպուտնիկ» գործակալությունից «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էին խմբագրության հետ կապի բացակայության մասին։ Շենքի մոտ կանգնած են եղել Ադրբեջանի ՆԳՆ պարեկապահակային ծառայության մեքենաներ, ինչպես նաև սև միկրոավտոբուսներ՝ մգեցված ապակիներով։