Սփյուռքը դադարել է հավատալ համահայկական հիմնադրամին․ Դավիթ Մնացականյան

28 Նոյեմբերի 2023, 22:35

Քաղաքականություն

Սփյուռքը դադարել է հավատալ համահայկական հիմնադրամին, ինչն էլ պատճառ դարձավ, որ օգնությունների քանակը նվազի։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց գործարար, ակտիվիստ Դավիթ Մնացականյանը։

«Արցախցիների տեղահանման լուրը լսելուց հետո, ես մեկնեցի Հայաստան։ Այցիս ընթացքում հանդիպեցի շուրջ 500 արցախցու և օգնություն ցուցաբերեցինք 3000 ընտանիքի։ Այցի նպատակն այն էր, որ հասկանանք՝ ինչ է ուզում արցախցին, ինչի կարիք ունի և Հայաստանում ինչ օգնություն են առաջարկում իրենց։ Այս պահին արրցախցի մեր քույրերին ու եղբայրներին օգնելու համար, պետք է Սփյուռքը միասնական մոտեցում ցուցաբերի։ Սփյուռքը դադարել է հավատալ համահայկական հիմնադրամին, ինչն էլ պատճառ դարձավ, որ օգնությունների քանակը նվազի։

Սփյուռքը միշտ եղել է Հայաստանի ու Արցախի կողքին, միշտ օգնություն է տրամադրել, բայց ցավալի է, որ օգնելով հանդերձ՝ դու չգիտես այն հասել է ի վերջո նպատակակետին թե ոչ։ Մենք ԱՄՆ-ում ապրելով՝ գիտենք՝ ինչի կարիք ունի Հայաստանը։ Մեկ ամիս այնտեղ անցկացնելով՝ ես ցուցակագրել եմ այն կենտրոնական խնդիրները, որոնք կան մեր հայրենիքում։ Ուղղակի այս պահին Սփյուռքը, անկասկած, պետք է ավելի միասնական լինի, քանի որ արցախցիներն այսօր օգնության կարիք ունեն և ակնկալում են մեզնից աջակցություն ստանալ»,- նշեց նա։

Գործարարը շեշտում է՝ ՀՀ կառավարությունը պետք է պաշտպանի արցախցու իրավունքը և բոլոր միջազգային հարթակներում բարձրաձայնի նրանց հարցը։

«Արցախից տեղահանված մեր հայրենակիցների շրջանում փոքրիկ սոցհարցում կատարեցի, և նրանց մեծ մասը ուզում է ետ վերադառնալ, ուզում են իրենց հող վերադառնալ, իրենց հայրենիք։ Արցախի ժողովուրդը մեր հայրենակիցներն են, և այս պահին նրանց մենակ թողնելը մեծ սխալ կլինի։ ՀՀ կառավարությունը պետք է պաշտպանի արցախցու իրավունքները և բոլոր միջազգային հարթակներում բարձրաձայնի նրանց հարցը»,- եզրափակեց Մնացականյանը։