Ստեփանակերտում հայկական եկեղեցիների ոչնչացումն անթույլատրելի է․ Զախարովա

24 Ապրիլի 2026, 17:30

Քաղաքականություն

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ դատապարտել է Ստեփանակերտում հայկական եկեղեցիների ոչնչացումը՝ հայտարարելով, որ Ռուսաստանը հուշարձանների պահպանության հարցում երկակի չափանիշներ չի ընդունում, և նման գործողություններն անթույլատրելի են ցանկացած վայրում։

Նա նշել է, որ երկիրը լավ ծանոթ է վանդալիզմի դրսևորումներին, սակայն միշտ կա պայմանավորվելու և ընդհանուր եզրեր գտնելու հնարավորություն։

Զախարովան հիշեցրել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնություններում նախատեսված են պահվող անձանց վերադարձի և փոխանակման, ինչպես նաև ճարտարապետական հուշարձանների ու հուշահամալիրների նկատմամբ հոգատար վերաբերմունքի մասին դրույթներ։

Նրա խոսքով՝ դիմելու դեպքում Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել գործընկերներին, սակայն նման հարցերը, նրա կարծիքով, նախ և առաջ պետք է հասցեագրել Հայաստանի ղեկավարությանը։