Տերտերյան եղբայրները պայմանագիր են կնքել «Golden Boy Promotions»-ի հետ

17 Հունիսի 2025, 16:30

Սպորտ

24-ամյա երկվորյակ եղբայրներ Նիկոլայ և Սեբաստիան Տերտերյանները պաշտոնապես սկսում են կարիերան պրոֆեսիոնալ բռնցքամարտում՝ երկարաժամկետ պայմանագիր կնքելով լեգենդար Օսկար Դե Լա Հոյայի հիմնադրած «Golden Boy Promotions»-ի հետ:

Այժմ երկվորյակները պատրաստվում են իրենց նորամուտը պրոֆեսիոնալ ռինգում: Նրանց մարզում է Ջեյմի Ռոբինսոնը, իսկ մենեջեր է դարձել Ռիկ Միրիջյանը՝ Forbes-ի վարկածով բռնցքամարտի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը։

Պայմանագիրը նախատեսված է 5 տարվա համար, որի ընթացքում յուրաքանչյուրը կանցկացնի տարեկան 5 մենամարտ: Առաջին մենամարտը կկայանա հուլիսի 12-ին Ֆրեզնոյում (Կալիֆորնիա), մրցակիցների անունները հայտնի կդառնան ավելի ուշ:

Եղբայրները ծնունդով Հայաստանից են, նրանց հայրը՝ Տիգրան Տերտերյանը, ազգային հավաքականի բռնցքամարտիկ էր։ Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվել է Դանիա, որտեղ նրա երեք որդիները զբաղվել են բռնցքամարտով։ Ավագ եղբայր Մարսելն այժմ հանդես է գալիս պրոֆեսիոնալ MMA-ում, իսկ Նիկոլայը և Սեբաստիանը հաջողությամբ ներկայացնում էին Դանիան սիրողական բռնցքամարտում:

Նիկոլայ Տերտերյանը 2023 թվականի Եվրոպական խաղերի, 2022 թվականի Ստրանջայի գավաթի հաղթող է, 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակից (քառորդ եզրափակիչ)։ Սեբաստիան Տերտերյանը 2024 թվականի հյուսիսային երկրների չեմպիոն է, 2023 թվականի Ստրանջայի գավաթի բրոնզե մեդալակիր, հանդես է եկել 75 կգ քաշային կարգում: